Վերջին հույսն Ամերիկան է մնացել, ո՞ւր է Հայաստանի պետությունը
2023-05-13 08:12:00
 Գերիների և անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները Երևանում հանդիպել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին: Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները պետք է վերադարձվեն նրանց հարազատներին, երբ հնարավոր լինի:
Ամերիկյան կողմը, իհակե, ելնելով մարդասիրական արժեքներից, այլ բովանդակության հայտարարություն չէր էլ կարող տարածել, սակայն տվյալ պարագայում հարցն այն է, թե ինչո՞ւ է խեղճ ծնողների միակ հույսն ԱՄՆ դեսպանը մնացել:
Ծնողների զայրույթն ու սուգը Հայաստանում պարբերաբար ժայթքում է բողոքի ցույցերի տեսքով: Դրանց պատճառը հիմնականում դառնում է այն, որ պատկան մարմիները կամ համապատասխան չինովնիկներն այդպես էլ չեն արձագանքում ծնողների աղերսներին՝ փաստացի նրանց անորոշության մեջ թողնելով:
Թե ինչու են թողնում անորոշության մեջ՝ պարզ է. ելնելով սեփական քաղաքական շահերից՝ չեն կարող միանգամից ասել, որ ձեռքերը լվացել են գերիների թեմայից, չեն էլ կարող ասել, որ այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք են անում, քանի որ պարզ է, որ նման աշխատանքներ չեն տարվում, ավելին՝ գերիների մասին չեն էլ հիշում՝ տարված լինելով քաղաքական կամ այլ տիպի խաղերով:
Արդյունքում ծնողների հույսը մնացել են օտարները, որոնք որքան էլ մարդասեր լինեն, չեն կարող իրենց վրա վերցնել ՀՀ կառավարության գործառույթները: Բացի դա՝ կա նաև պետության կողմից ցուցաբերվող, իսկ այս դեպքում բացակայող հետևողականության խնդիր: Եթե, իսկապես, ԱՄն դեսպանը կարող է ինչ-որ բան փոխել, ապա նրա հետ պետք է հանդիպեին ոչ թե ճարահատյալ ծնողները, այլ՝ պետության ներկայացուցիչներն ու արդյունավետ համագործակցություն հաստատեին ամերիկյան կողմի հետ, այնինչ, փաստորեն, լուռ անտարբերությունն է թագավորում Հայաստանում:
Այսօր ոչ միայն անհետ կորածների կամ գերիների ծնողներն ու հարազատներն են մնացել որբի կարգավիճակում, այլև՝ ողջ հայ ժողովուրդը, որի պատճառը հայաստանյան իշխանությունների ծայրաստիճան անպատասխանատվությունն ու անտարբեությունն է՝ սեփական հասարակության հանդեպ:
Քանի դեռ հասարակությունը թույլ է տալիս այս ամենը, ոչինչ չի փոխվելու ու ոչ ոք չի փոխվելու, ուստի պետք է սթափվել ու պահանջել:
Այս նյութը դիտել են - 797 անգամ