Արիզոնան Արցախի կողքին է, իսկ որտե՞ղ են ՀՀ իշխանությունները2023-05-25 10:18:00
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը տեղեկացրել է, որ ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ Զանգու Արմենյանը հայտարարել է՝ հռչակագիրը վկայում է Արիզոնայի հայ համայնքի անխոնջ աշխատանքի մասին, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել հայ համայնքի ակտիվ անդամների հետ՝ համայնքի ձայնը լսելի դարձնելու կառավարության բոլոր մակարդակներում:
Տեղի ունեցածը, իհարկե, կարևոր ձեռքբերում է ու վկայում է այն մասին, որ ճիշտ աշխատանքի դեպքում Արցախի հայության կենսական խնդիրների լուծման հարցում քաղաքակիրթ աշխարհը կարող է մեզ զորավիգ լինել:
Կոնկրետ ԱՄՆ-ն, որ մշտապես եղել ու մնում է մեզ համար բարեկամ երկիր, երբեք չի փակել ու չի փակելու Հայաստանի ու հայության համար հնարավորությունների դռները:
Միևնույն ժամանակ, սակայն, կարևոր է ընկալել կատարվածի պրակտիկ կողմը, քանի որ բարոյական աջակցությունը, որպիսին հանդիսանում է Արցախի Հանրապետության ինքնորոշման այս իրավունքի ճանաչումը, ունի իմաստ միայն այն դեպքում, երբ դրա արդյունքները երևում են նաև գործնական հարթությունում:
Ամենավառ օրինակը թերևս Ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային արշավն է, որը, ի դեպ, ՀՀ իշխանությունների պատճառով այսօր կասեցված է:
Չնայած տասնյակ երկրներ այս կամ այն մակարդակով ընդունել ու ճանաչել են Ցեղասպանությունը, բաց այն,ըստ էության ռեալ պոլիտիկի վրա ազդեցություն շատ քիչ է ունեցել՝ դառնալով ընդամենը Թուրքիայի դեմ պարբերաբար բանեցվող շանտաժի գործիք:
Կա՞ վտանգ, որ Արցախի խնդիրն էլ կարող է նման ճակատագրի արժանանալ:
Անշուշտ, կա, իսկ որպեսի այդ ռիսկերը չեզոքանան, նախ պետք է Հայաստանի իշխանությունները շարժվեն տեղից: Բանն այն է, որ որքան էլ օտարները ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որքան էլ քաջալերեն, եթե ՀՀ իշխանությունները Արցախն ի լուր աշխարհի հռչակում են՝ Ադրբեջան, ոչինչ չի ստացվի: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի բարեկամների դերում հանդես են գալիս այլազգիները, իսկ հակառակորդի դերում՝ ՀՀ իշխանությունները:
Հայաստանն իսկապես կարող է հզոր լինել, եթե իշխանությունները լինեն ադեկվատ, բայց քանի որ այդ առումով պատկերն այսօր խիստ մտահոգիչ է, առանձնապես ոգևորվել նմանօրինակ լուրերով կամ իրադարձություններով, չարժե, որպեսզի հետո չհիասթափվենք:
Այս նյութը դիտել են - 1046 անգամ