Ինչո՞ւ իշխանությունը, այնուամենաjնիվ, որոշեց պատժել Դիլիջանի բաժնի քրեականի պետին
2023-06-02 09:36:00

ՔՊ-ական շրջանակներից ուժայինների հասցեին հնչող քննադատությունների ֆոնին հայտնի է դարձել, որ 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը. քրեական հետապնդում է հարուցվել:
Առաջին հարցը, որ ցանկացած մեկի մոտ կարող է ծագել՝ կապված այս՝ շատերի համար անակնկալ հանդիսացող տեղեկության հետ, այն է, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել քրեականի պետի հանդեպ վերաբերմունքի նմանօրինակ փոփոխությունը:
Թող ոչ ոք չկասկածի, որ եթե Ղայթմազյանի անվան շուրջ բարձրացած քաղաքական, այո՛, հենց քաղաքական բնույթի աղմուկը չլիներ, այս որոշումը երբեք չէր լինի:
Իշխանությունները հասկացան, որ եթե ականջի հետև գցեն հայտնի տեսանյութում պատկերված հանցագործությունը, ապա կարող են լուրջ գլխացավանքների մեջ ընկնել՝ չկարողանալով ազատվել քաղաքական ախոյանների ու հանրության՝ իրենց հասցեին հնչող մեղադրանքներից: Եթե անփոփոխ թողնեին իրենց որոշումն ու շարունակեին քրեականի պետին փայփայել, ապա չէին ունենա որևիցե հիմք՝ նույնիսկ քարոզելու, թե իրենք անաչառ են, օրենքի առջև բոլորը հավասար են, և վեջապես իրենք ավելի լավն են, քան նախկինները:
Հիմա, իհարկե, պրոպագանդան կփորձի քրեականի պետի հետ կատարվողը մատուցել որպես ՔՊ-ական իշխանության անաչառության բացառիկ վկայություն և այլն, բայց անքննարկելի է, որ ընդհանուր իրավիճակը երկրում չի փոխվելու, և Ոստիկանությունը հետայսու ևս շարունակելու է Հայաստանում մնալ որպես արտոնյալ կառույց, որ բյուջեից լավագույնս ֆինասնավորվելու դիմաց հավատարմորեն պահում ու պահպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Այս նյութը դիտել են - 934 անգամ