Ֆեյքերը կործանեցին նախկիններին, կկործանեն նաև այս իշխանությանը
2023-06-02 10:09:00
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայակ Հարությունյանը, որ մինչ այդ հանդիսացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ԱԺ-ում հայտարարել է, թե իշխանությունները «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որ հասարակության շրջանում հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվամբ, իրենց քաղաքական նպատակների համար չեն բանեցնում, այլ ընդամենը փորձում են պայքարել ապատեղեկատվության դեմ: ՔՊ-ականներից Գևորգ Պապոյանն էլ, փորձելով իբր հաստատել իր գործընկերոջ խոսքերն առ այն, որ թյուր է կարծիքը, թե այդ ՊՈԱԿ-ն ընդամենը ֆեյքերի բուծարան է, հայտարարել է, թե բոլոր ֆեյքերը տեղափոխվել են «Հայելի» ակումբ:
Հարությունյանը խեղաթյուրել է բոլորին հայտնի իրականությունը, քանի որ փորձել է խուսափել այն պատասխանատվությունից, որը բխում է ՊՈԱԿ-ի այն խայտառակ աշխատելաոճից, որի պատճառով Հայաստանում տարիներ ի վեր անհանդուրժողականություն ու ատելություն է քարոզվում ոչ իշխանամետ հայացքներ ունեցողների կամ ընդդիմադիր ԶԼՄ-ների հանդեպ:
Իհարկե, Հայաստանի ֆեյքաբուծարանների թիվ մեկ դիրեկտորը մշտապես եղել ու մնալու է Գասպարյան Վովան, բայց հետհեղափոխական ողջ շրջանն ապացուցեց, որ նրա հետնորդները շատ իմաստով գերազանցել են ուսուցչին՝ է՛լ ավելի ավելի բարձր կատարելության հասցնելով համացանցային տեռորը:
Մյուս կողմից՝ բավական ճչացող է ստացվել մեկ այլ ՔՊ-ական Գևորգ Պապոյանի այն հայտարարությունը, թե ֆեյքերը տեղափոխվել են «Հայելի» ակումբ՝ հարթակ, որտեղ հանրությանն ուղղված իր խոսքն է հնչեցնում ընդդիմությունը և ոչ միայն:
Իհարկե, միայն «Հայելին» չէ, որ ատելի է դարձել ՔՊ-ի համար. բոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ներն էլ, այնտեղ աշխատող լրագրողներն էլ միևնույն հարթության մեջ են դիտարկվում իշխանությունների կողմից՝ պարբերաբար թիրախավորվելով ու հռչակվելով՝ «նոր Հայաստանի» թշնամիներ:
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի գոյությունը, իհարկե, լավ օրից չէ, լավ օրից չէ, որ իշխանությունները տարեկան կտրվածքով միլիոնավոր դոլարներ են հատկացնում այդ կառույցին: Բանն այն է, որ նրանց նման ծախսերի է դրդում այն ոչ պոպուլյար քաղաքականությունը, որի պատճառով այսօր ՔՊ-ի վարկանիշն իջել է զրոյական մակարդակի, և հիմա անում են ամեն ինչ՝ սքողելու այն իրական նպատակները, որոնք հետապնդում են ՔՊ-ականները՝ Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելու իրենց ճանապարհին:
Մի բան հստակ է՝ այն իշխանությունը, որը հենվում է ֆեյքերի, հանրային տիրույթում կամ համացանցում ատելություն սերմանողների վրա, երկար կյանք չունի, և դրա ապացույցը հենց նախկին իշխանությունների դառը փորձն է: Կարծում էին՝ Վովայի Նարեկի ֆեյքերն իրենց օգնելու են հավերժ թագավորել, բայց ստացվեց բոլորովին հակառակը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 873 անգամ