Այս նկարին նայող յուրաքանչյուր ոք կհասկանա, թե ով է ծաղրածուն, ով` թագավորը2023-06-04 22:38:00
Երեկվանից նկարներ են շրջանառվում, անհնար էր անտարբերությամբ նայել այս մեկին, երբ Արցախ հանձնողը Թուրքիա կատարած այցի ժամանակ զրուցում, զվարճացնում է թշնամի բռնապետին։
Նողկալի են երկուսն էլ, բայց սրանցից ո՞ր մեկն է ամենավտանգավորը, երբ նրանք մեզ համար թշնամի են` ներքին և արտաքին։
Երկու հակառակ կողմ, երկու ծայրահեղություն, որոնցից մեկը հայրենիք հանձնող է, ստախոս, երերուն, վախկոտ մյուսը` իր հողին ամուր կանգնած, անկուշտ, ագահ, իր տարածքներն ընդարձակող բռնապետ։
Իր երկրի համար թե ո՛ր մեկն է նախընտրելի, բոլորիս հասկանալի է։ Եթե հող հանձնողը` որպես հայրենիք ուրացող, պատմության մեջ է մնալու հազարավորների անեծքի տակ, ապա թշնամի բռնապետին իր ժողովուրդը հիշելու է որպես հաղթող միապետ, որպես իր երկրի մի թիզ հողից կառչած տիրակալ։
Եթե հարցնեն, թե սրանցից ո՞ր մեկն է հայրենասեր, մտածելու կարիք չկա, երբ ամեն ինչ պարզ է... Ո՞վ է նրանցից խելացի դիվանագետը, նմանապես կասկածի ենթակա չէ, որ յուրաքանչյուր երկրի խելացի տերը զիջումների չի գնում` հանուն իշխանության, խելացի դիվանագետը երկիրը չի տանում կործանման` թիրախ դարձնելով նախկիններին։
Գիտենք, որ թագավորներն արքունիքում ծաղրածու էին պահում, որ իրենց աշխուժացնի... Այս նկարին նայող յուրաքանչյուր ոք կհասկանա, թե ով է ծաղրածուն, ով` թագավորը։
Ուղղակի ափսո՜ս, որ 120 հազարի վեց ամիս շրջափակման մեջ պահող թշնամի միապետին զվարճացնողը ծաղրածուի դեր ստանձնած հայոց երկրի «թագավորն է», մի խեղկատակ, ում պատճառով արցախցիներս կա՛մ հայրենազուրկ պիտի դառնանք, կա՛մ էլ` գել ու գազանի բաժին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1009 անգամ