Ի՞նչ համակագ է կառուցում Գրիգոր Մինասյանը2023-06-05 22:11:00
Խոսելով 2022-2026թթ. Դատաիրավական ռազմավարության մասին՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ում պատճառով հանրային առնվազը որոշ շերտերի մոտ խաթարվել է նրա եղբայր Միքայել Մինասյանի ունեցած ընդդիմդիր իմիջը, հայտարարել է, որ կարևոր է, որպեսզի դատական համակարգը, որն անփոխարինելի հենասյուն է, կարևորվի հայ հասարակությունում: «Ցավոք սրտի, 2020 թվականի պատերազմը մեզ ստիպեց կարևորել, թե ինչ է բանակը և անվտանգությունը, իսկ թե ինչքան կարևոր է դատարանը և արդարադատությունը, հասարակությունը նոր-նոր է սկսում հասկանալ: Չկա ուժեղ պետություն, չկա ուժեղ բանակ, չկա ներդրում, եթե չունենք որակյալ և լավ արդարադատություն մեր երկրում: Ա՛յ սա է, որ մենք բոլորս պետք է գիտակցենք»,-հայտարարել է եղբոր հետ աչքով աչք չունեցող նախարարը:
Հայաստանում նորմալ դատական համակարգ ունենալը եղել ու դեռ երկար ժամանակ մնալու է երազանք: Նախկինների ձեռամբ պղծված, ներկաների ձեռամբ այլասերված այս համակարգը վաղուց դադարել է ասոցացվել արդարության ու արդարադատության հետ: Ներկա պահին դատական համակարգն առավելապես ընկալվում է որպես քաղաքական իշխանության հենարան, և դա է իրականությունը:
Իրականություն է նաև այն, որ դատական համակարգի կարևորությունը հայ հանրությունը մշտապես ընկալել է: Ընկալման խնդիր հայաստանցիները կարծես չունեն: Հարցը, սակայն, ոչ թե ընկալման հարթության մեջ է, այլ՝ իշխանությունների քաղաքական կամքի գոյության-չգոյության: Ցավոք սրտի, արդարադատությունը, եթե այն ինչ-որ չափով կա էլ, ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քաղաքական իշխանության շահը, իսկ այդ դեպքում լուրջ դեմքով խոսել դատական համակարգի կամ դրա լիարժեք ֆունկցիոնալության մասին, ուղղակի ծիծաղելի է:
Հարց է ծագում՝ ադյոք կհաջողվի՞ գոնե 2026-ին ունենալ քիչ թե շատ նորմալ դատաիրավական համակարգ, թե՞ ո՛չ 2026-ին, ո՛չ էլ ասենք 2926-ին Հայաստանում չի լինի մի այնպիսի կառույց, որի վրա հենվելով՝ հնարավոր կլինի կառուցել արդարության ու արժանապատվութան վրա հիմնված պետություն:
Այս հարցի պատասխանը կախված է թերևս նրանից, թե արդյոք քաղաքական իշխանությունները կգտնվե՞ն բավարար անկեղծ՝ նախ՝ խոստովանելու սեփական ապակառուցողական դերը, ապա՝ ապակառուցողականությունը վերափոխելու կառուցողականի, թե՞ ոչ:
Առայժմ չկան նախադրյալներ՝ պնդելու, թե կա ցանկություն՝ ինչ-որ բան վերանայելու:
Այս նյութը դիտել են - 960 անգամ