Կարո՞ղ է իշխանությունների իմացությամբ անցակետով տեղափոխվող արցախցիները միամտաբար ինտեգրման են գնում, մենք տեղյակ չենք2023-06-07 05:23:00
Ամեն անգամ ադրբեջանական կողմի խարդավանքների զոհն ենք դառնում, հայտնվում նրանց ստերի թիրախում, բայց այն մեզ համար դաս չի դառնում։ Նման ենք այն միամիտ երեխային, որ ասում ենք` այն տիղմով չպիտի անցնել, բայց երկու ոտքով է մտնում ցեխի մեջ, այն էլ` մինչև գոտկատեղը։
Այս օրերին ադրբեջանական մամուլը տեսանյութեր է շրջանառում, թե ինչպես են մեր քաղաքացիներն անցնում ադրբեջանական անցակետով։ Ինչպիսի՜ ծաղր, ատելության խոսք` ուղղված հայերին, որ գրում են ադրբեջանցիներն իրենց մեկնաբանություններում։
Նման ստորացման խոսքերին հակառակ` տեսանելի է հայերի հանգիստ տեղաշարժը դեպի Հայաստան կամ` վերադարձը Արցախ։
Ինչու՞ են թշնամուն անհրաժեշտ այդ տեսանյութերը, այն էլ այն տպավորությամբ, թե ոչ մի հակասություն չկա, հայերը համակերպվել են իրենց վիճակին։
Ցավոք, սա էլ ինտեգրվելու մի ձև է, որին կարողանում է հասնել ադրբեջանական կողմը` միջազգային հանրությանը ցույց տալով, որ ԼՂ հայությունը, համակերպված, ընդունած իրենց պայմանները, կարողանում է տեղափոխվել Հայաստան, այնտեղից էլ վերադառնալ Ղարաբաղ։
Պաշտոնական տվյալների համաձայն` 5-րդ օրն է՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից սահմանափակ քանակով մարդիկ են տեղափոխվել Հայաստան, և նույնչափ էլ Հայաստանից են վերադարձել Արցախ: Բայց անհասկանալի ոչինչ չկա, թե ինչու ռուս խաղաղապահները չեն երևում այդ տեսանյութերում։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանում է.
«Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երևում»:
Արցախի կառավարությունը այդ մասին արձագանքում է. «Մարդասիրական խիստ սահմանափակ տեղաշարժը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես Արցախի շրջափակման ավարտ, քանի դեռ Լաչինի միջանցքում առկա են ադրբեջանական հսկողական միջամտություններն ու այլ խոչընդոտները»։
Ընդհանրացնեմ խոսքս` կարո՞ղ է իշխանությունների իմացությամբ անցակետով տեղափոխվող արցախցիները միամտաբար ինտեգրման են գնում, մենք տեղյակ չենք։ Սա անհանդուրժելի երևույթ է` նման այն իրողությանը, որ ծխախոտի տուփի վրա գրում են` ծխելը վնասակար է առողջությանը, բայց ծխախոտի բիզնեսը շարունակվում է։ Մի՞թե մերոնք էլ նույն քաղաքականությունը չեն վարում` թշնամու ջաղացին ջուր լցնելով։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1061 անգամ