Կարգապահական վարույթ՝ համակարգի խնդիրների վերաբերյալ սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու համար2023-06-15 15:04:00
Ամիսներ առաջ ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում արձանագրվեց, որ ՀՀ-ում առկա է դատական անկախության լուրջ խնդիր, դատարաններն անկախ չեն, դրա վկայությունն են կոռուպցիայի և քաղաքական ազդեցության երևույթները։ Ընդամենը օրեր առաջ Դատավորների եվրոպական միությունը (EAJ) լուրջ մտահոգություն հայտնեց ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման, դրանք մասնավորապես ծառայում են դատավորների կողմից դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու հնարավորությունը զսպող միջոց:
Այսպիսի կոշտ արձանագրումներին Հայաստանը որպես «ժողովրդավարության բասիոն» հռչակած, սակայն «իրավական բարդակի» վերածած իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը նույնիսկ չհամարձակվեց պատասխանել։
Եվ այս ամենից հետո կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ իրավական պատմության լավագույն դատավորներից մեկի, իրապես արդարադատություն իրականացնողի՝ Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ ընդամենը համակարգի խնդիրների վերաբերյալ սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու համար։
Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները աթոռի համար ինքնամոռաց պայքարում կորցրել են ոչ միայն իրականության, այլ նաև ամոթի զգացումը։ Դավիթ Հարությունյանի նման դատավորի, իրավունքի անառարկելի ռահվիրայի նկատմամբ կարգապահական ներգործության որևէ միջոցի կիրառումով երկրի օրինազանց իշխանությունը խփելու է Հայաստանում արդարադատության դագաղի վերջին մեխը:
Սա պետք է հասկանա ԲԴԽ յուրաքանչյուր անդամ, հարգելինե’րս, օրվա իշխանությունն ու նրա կույր կամակատարները ժամանակավոր են, իսկ հայրենիքն ու մարդկային փոխհարաբերությունները՝ հավերժ։
Այս նյութը դիտել են - 1096 անգամ