Վաղը ժամը 13:00-ին Ազգային ժողովի դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն՝ պահանջելով պատժել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Նրանք հայտարարություն են տարածել, ուր ասվում է, որ ակցիան նպատակ ունի դատապարտել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում Թոխմախի Մհերը, տեսնելով լրագողների հոսքը, ասել էր՝ «Էս ի՞նչ նախիր ա»: Լրագրողներից մեկը հորդորել էր չվիրավորել իրենց, նման պիտակներով չխոսել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, սակայն պատգամավորը զայրացել էր և անգամ հայհոյել լրագրողներին:
Հիմա վիրավորված կողմը վճռական է տրամադրվել, որոշել է էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովին դիմում հանձնել ու ակնկալել, որ նրան կպատժեն:
Այն, որ Սեդրակյանը չափն անցել է, դա անվիճելի է: Բայց առաջին անգա՞մ է նա չափն անցնում: Նույնիսկ դժվար է վերհիշել, թե սա որերորդ դեպքն է: Եվ ընդհանրապես, ո՞վ կարող է հաշվել, թե քանի-քանի անգամ են պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զանազան օլիգարխներ ամենավերջին բառերով վիրավորել լրագրողներին: Իսկ ի՞նչ են արել ԶԼՄ-ներն ի պատասխան: Մինչ օրս նրանք այդ հայհոյանքներից լայն սպառման լրատվություն են պատրաստել, հաճույքով տեղադրել են իրենց կայքերում կամ էջերում և ընթերցողների հսկայական բանակներ են ակնկալել: Այլ կերպ ասած՝ կոպտությունը, գռեհկությունը, փողոցային վարքը դարձել է մամուլի մեծ պահանջարկ ստեղծող գործոն, իսկ այդ գործոնի ազդեցության ներքո վիրավորանքները շատ արագ մոռացվել են:
Մյուս կողմից՝ ո՞վ է պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Մեծ հաշվով՝ ոչ ոք: Ոչ ինտելեկտ, ոչ գիտելիք, ոչ երևելի գործչի ամպլուա, ոչ առաջնորդ լինելու նախանշաններ, ոչ էքսցենտրիկ խառնվածք: Մի խոսքով՝ գորշ միջակություն: Այդպիսիների գոյությունը նույնիսկ չեն էլ նկատում: Մինչդեռ մեր իրականության մեջ նա դարձել է ցցուն, տեսանելի կերպար, իրադարձությունների կիզակետ, մարդահաշիվ, որոշիչ միավոր: Եվ ո՞ւմ շնորհիվ ու ո՞ւմ ջանքերով: Իհարկե, լրագրողների: Իսկ հիմա նույն այդ լրագրողները մինչև սրտի խորքը խոցված են, թե ինչու Թոխմախի Մհերն իրենց նախիր անվանեց և ինչպես է դառնալու իրենց նախրապանը: Բայց չէ՞ որ այլ բան լինել չէր կարող: Ու հիմա ուրիշ ոչինչ չկա ասելու, քան հետևյալը. «Դուք նրան ստեղծեցիք, դուք էլ կրեք հետևանքները»: