Լավ լուր2023-06-16 23:40:00
Լավ լուր։ Շուտով կմասնակցենք ՀԱՅԱՔՎԵ օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին։ Այն ինձ մոտ հույս է ներշնչում, որ այս ճանապարհով հնարավոր կլինի փրկել երկիրը կործանումից։
ՀԱՅԱՔՎԵ-ի ստորագրահավաքին իրավունք կունենան մասնակցելու Հայաստանի քաղաքացիություն ունեցող 18 և ավելի տարիքի անձինք` ներառյալ արցախցիները, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ունեն։
Թշնամին մամուլում արդեն վայնասուն է բարձրացրել, նա վտանգ է տեսնում այդ նախաձեռնությունից, որը կարող է խանգարել իր նպատակների իրականացումը, այն է` Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։
Երեկ ՀԱՅԱՔՎԵ-ն դիմում է ներկայացրել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Հավանական է` համաձայնություն կլինի դիմումը հանձնելուց 10 օր հետո սկսել ստորագրահավաքը։
ՀԱՅԱՔՎԵ նախաձեռնությունը լայն հնարավորություն է իրավական ճանապարհով ՀՀ քաղաքացիների հստակ դիրքորոշումն արտահայտել, տվյալ դեպքում` Արցախի մասին, որ չի ճանաչում Ադրբեջանի կազմում։
ՀԱՅԱՔՎԵ-ն Արցախի ինքնորոշումը մերժող, Արցախն այլ պետության կազմում ճանաչող (հայտարարությամբ կամ արարքով) և Հայոց Ցեղասպանության վտանգավորությունը նսեմացնող ցանկացած պաշտոնատար անձի համար նախատեսում է քրեական պատիժ` 10-15 տարի ազատազրկմամբ։
Քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիների 50.000 ստորագրություն, որի հիմքով նախագիծն օրենքի ուժով պարտադիր մտնելու է ՀՀ Ազգային ժողովի նիստերի օրակարգ` քննարկման։
Հաջորդ փուլում 300.000 ստորագրություն հավաքելու դեպքում հարցը դրվելու է Հանրաքվեի։
Նախաձեռնությանը միացել են անհատներ, կազմակերպություններ, հասարակական, քաղաքական գործիչներ, ՀՀ քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց հայրենիքին։
Նախաձեռնությունը բաց է բոլորի համար, ովքեր, մասնակցելով ստորագրահավաքին, թույլ չեն տա տեղի ունենա Հայաստանի և Արցախի վերջնական կապիտուլյացիան։
Այս նյութը դիտել են - 1137 անգամ