«Նուբարաշեն» ՔԿՀ-ն Սերժ Սարգսյանի տեղն է. քաղաքացիները ողջ գիշեր կշարունակեն բողոքի ակցիան ...2016-02-22 15:40:00
Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց այս պահին շարունակվում է ժամեր առաջ մեկնարկած բողոքի ակցիան:
Ի աջակցություն Գևորգ Սաֆարյանի և մյուս քաղբանտարկյալների՝ մի շարք քաղաքացիներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից տարածքում մեկօրյա ակցիա են իրականացում:
Երկար բանակցություններից հետո ակցիայի մասնակիցները ոստիկանների հետ համաձայնության եկան, որ ժամը 22:00-ից հետո չեն աղմկի և բարձրախոս չեն օգտագործի, սակայն կմնան նախապես որոշված տարածքում: Նշենք, որ ակտիվիստներին այդպես էլ չհաջողվեց ՔԿՀ-ին ավելի մոտ ակցիան իրականցնել:
Նրանք պնդում են, որ ոստիկանները կամայական մոտեցում ցուցաբերելով՝ արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում ակցիայի իրականացման համար:
Ցուցարարները շարունակում են վանկարկել՝ «ազատություն Գևորգ Սաֆարյանին», «Նուբարաշեն ՔԿՀ-ն Սերժ Սարգսյանի տեղն է»: Նշենք, որ նրանք խարույկ են վառել, հնչում են նաև ազգային երգեր:
Վերջիններիս միացել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և այլք: «Այսօր մեր ակտիվ պայքարողների մի մասը գտնվում է ճաղերի հետևում, և իրենք միանշանակ քաղբանտարկյալներ են:
Նրանք որևէ քայլ չեն արել, որոնք որ հանրության համար վտանգավոր կլինեին: Իրենց բոլոր քայլերը վտանգավոր են եղել, անօրինական և ոչ լեգիտիմ իշխանությունների համար»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ընդգծելով Վարդգես Գասպարիի ձերբակալության փաստը՝ Մարտիրոսյանը նշեց, որ մենք կեղծված հանրաքվեի պտուղներն ենք սկսում քաղել:
Ըստ նրա՝ այն խոսքերը, թե սահմանադրական փոփոխություններից հետո իրավունքների առումով առաջընթաց է լինելու, կարճ ժամանակահատվածից հետո իշխանությունն ապացուցեց, որ դրանք ուղղակի հեքիաթներ էին: «Մենք պետք է պայքարենք և հաղթանակի հասնենք, այլ ճանապարհ չկա, դա պետք է լինի շատ կարճ ժամանակահատվածում»,- ընդգծեց վերջինս: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանն էլ իր խոսքում նշեց, որ համաներումն այսօր առաջնային անհրաժեշտություն է: «Մենք պետք է քայլ կատարենք դեպի նոր Հայաստան, և դրանով պայմանավորված մենք երկու կարևոր քայլ պետք է անենք Հայաստանում: Այդ երկու քայլերն են՝ ազատությունը և համերաշխությունը»,- ասաց նա: Ավետիսյանը հայտնեց, որ վաղը օրվա ընթացքում իրենք նույնպես այստեղ կլինեն և ակցիայի մասնակիցների հետ կշարունակեն պայքարը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Այս նյութը դիտել են - 1378 անգամ