Պատին սեղմելով չեն ՈՒՍՈՒՑԻՉ պահում
2023-06-30 01:40:00
Խոսքս Հայաստանի ուսուցչության մասին է։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով` օգոստոսի 20-ից միջին մասնագիտական կրթություն ունեցող 1300 ուսուցիչներ այլևս չեն աշխատի դպրոցում։
Հետաքրքիր է, թե միջին մասնագիտական կրթությամբ այդ ուսուցիչներին ինչպե՞ս են դպրոցներում «հանդուրժել» տասնյակ տարիներ, ու հիմա նրանք «ավելորդ» են դարձել, «ոչ պիտանի» մանկավարժական աշխատանքում։
Վերջին տարիներին դպրոցներում ուսուցիչների սակավությունը մի՞թե կրթության պատասխանատուներին չի հուշում, որ պետք է այդ օրենքը վերափոխել, այսինքն` տարիների մանկավարժական փորձ ունեցող միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին թույլ տալ` շարունակելու իրենց գործունեությունը դպրոցներում։
Նայենք հակառակ իրավիճակին, երբ պակաս չէ այն ուսանողների թիվը, , որ նվազագույն դրական միավորներով են հայտնվել բարձրագույնում։ Չմոռանանք հիշել, որ վերջին տարիներին դիմորդները չեն ուզում մանկավարժական ընդունվել, ավարտածներից շատերն էլ չեն ուզում դպրոց մտնել։ Ըստ վիճակագրական տվյալների` վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվը շուրջ 900-ով նվազել է։ Անցած ուստարվա սկզբին Հայաստանի ավելի քան 100 դպրոցներում կային ուսուցչի թափուր հաստիքներ։ Վերջերս տեղեկացա, որ Երևանի 22 դպրոցում թափուր տեղի համար ուսուցիչ են փնտրում։
Եթե նկատի ունենանք, որ նրանց կփոխարինեն թոշակառու ուսուցիչները, ովքեր իրավունք կունենան աշխատելու, ապա հիշենք, որ միայն անցած տարի Հայաստանում 3500 ուսուցիչ թոշակային տարիքի էին, որոնց մեծամասնությունը չէր ուզում այլևս դասավանդել։
Եթե բուհերի ավարտական կուրսի ուսանողներին իրավունք տան գյուղական դպրոցներում դասավանդելու, մնում է հետևություն անել` մի՞թե նրանք ավելին կարող են տալ սովորողներին, քան այն 1300֊ից յուրաքանչյուրը, որ տարիներ շարունակ սերունդ է կրթել...
Կանգ առնենք մեկ այլ փաստի առջև։ Կամավոր թե պարտադիր ատեստավորումից 59 և դրանից ցածր միավորներ վաստակած ուսուցիչները եթե դուրս մնան դպրոցներից, ովքե՞ր են նրանց փոխարինելու։
Գիտեմ` դպրոցներին անհրաժեշտ են խելացի մասնագետներ, բայց ասված խոսք կա` եթե ցորեն հաց չկա, կորեկ հացը չուտե՞ն։
Նայենք, թե ովքեր են երկիր կառավարում, ովքեր են օրենք սահմանողները, բեմահարթակներից ովքեր են մատ թափ տալիս, ովքեր են ամենօրյա գզվռտոցի հեղինակները...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 6369 անգամ