Ջհանգիր Լֆիկյան
Այսօր Հայաստանի խորհրդարանը նշանակեց նոր օմբուդսմեն, անունը` Արման Թաթոյան, նախկին զբաղմունքը` արդարադատության փոխնախարար: Ինչպես հայտնի է, նրան առաջարկել էր ՀՀԿ-ն, այսինքն` նա իշխանության թեկնածուն է: Հավանաբար, օմբուդսմենի պաշտոնում Թաթոյանը երկար կաշխատի, քանզի ավելորդ ինքնուրույնություն չի ցուցաբերի: Եվ սա է պատճառը, որ տարբեր շրջանակներում ասում են, թե այս նշանակումը խայտառակություն է:
Իրականում խայտառակությունը օմբուդսմենի ինստիտուտի ներմուծումն է Հայաստան, այլ ոչ թե սրան կամ նրան նշանակելն այդ պաշտոնում: Խայտառակություն է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության սուվերենության և ինքնուրույնության դեֆիցիտը: Լավ, ձեր ի՞նչ բանն է օմբուդսմեն ունենալը: Մի՞թե եվրոպացիները կպատժեին Հայաստանին, եթե այն հրաժարվեր այդ շվեդական հաճույքից (օմբուդսմենի ինստիտուտը ծնունդ է առել Շվեդիայում): Ինչպե՞ս կարելի է օմբուդսմեն ունենալ մի երկրում, որի ժողովուրդը չափից ավելի հանդուրժեց Վազգեն Սարգսյանին և առ այսօր հանդուրժում է նրա բուծած հրաշքներին:
Այսպիսի մթնոլորտում չի կարելի խոսել մարդու իրավունքների մասին: Եթե ժողովուրդը չի պաշտպանում իր իրավունքները և համակերպվում է այս իրականության հետ, ուրեմն, այդ ժողովրդի իրավունքները պաշտպանելն անհնարին է: Իսկ օմբուդսմեն ունենալը` ախմախություն, պետական միջոցների վատնում, զզվելի ձևականություն: