Սահմանադրության օրվա կորսված խորհրդի շուրջ2023-07-05 13:55:00
Ցանկացած պետության կյանքում Սահմանադրության օրը յուրահատուկ «դատա» է: Դա այն օրն է, երբ պետությունը, ըստ էության, հայտարարում է իր ծննդի մասին, երբ գցվում են պետության հիմքերը, սահմանվում այն հիմնական սկզբունքները, որոնց վրա ազգերը կառուցում են ինքնադրսևորման բարձրագույն ձև հանդիսացող իրենց պետությունները:
Հուլիսի 5-ին էլ Հայաստանում են տոնում Սահմանադրության օրը՝ տոն, որն այսօր, ցավոք, առավել քան երբևէ արժեզրկված է՝ չնայած հայրենի իշխանավորները, մեկը մյուսին հերթ չտալով, շտապել էին շնորհավորել տոնի կապակցությամբ՝ շռայլելով այնպիսի բարեմաղթանքներ ու հնչեցնելով այնպիսի թեզեր, որ դրանք կարդացող ցանկացած մեկի մոտ յուրատեսակ էյֆորիա է ծնվում՝ խիստ անբնական:
Արդյոք այդ վերամբարձ բարեմաղթանքներն ու իրականությունից կտրված արձանագրումներն արժեք ունե՞ն, թե՞ ընդամենը ֆիկտիվ բնույթ կրող բլբլոցներ են, որոնք ոչ մեկին էլ պետք չեն:
Ցավոք, Հայաստանի վիճակն այսօր այնպիսին է, որ շատ մեծ դժվարությամբ է հավատալի թվում պնդումը, թե հայ ժողովուրդը դեռևս պետություն ունեցող միավոր է, դեռևս աշխարհաքաղաքական քարտեզում կա «Հայաստան» անվամբ միջազգային իրավունքի իրական սուբյեկտ:
Ցավոք, միայն արտաքին միջավայրն ու ռեալները չեն, որ կասկած են ներշնչում պետության գոյութան հարցում. ներքին կյանքը, հատկապես քաղաքական բարքերը նույնպես հուսադրող չեն և առաջին հերթին այն պարզ պատճառով, որ իշխանություններն իրենք են այդ Սահմանադրությունը ոտնահարում: Սկսած դատաիրավական համակարգում առկա խառնաշփոթից մինչև Ոստիկանությունում տիրող ամենաթողություն չեն դադարում համոզել պարզ մարդուն, որ հայկական պետությունն օր օրի սովորական բուտավֆորիա է դառնում, որտեղ «Սահմանադրություն» բառի արժեքը հավասարեցված է զրոյի: Իսկ բառի արժեքը, ինչպես գիտենք, արժեհամակարգերի հիմքում ընկած կարևորագույն չափորոշիչ է, որի խեղաթյուրումը հղի է անդառնալի հետևանքներով: Հայաստանը, ցավոք, այդ անդառնալիության կետը վաղուց է անցել ու չի դադարում հատել անգամ հիմա, երբ թվում է՝ է՛լ տեղ չկա:
Կա՞ ելք այս խավարչտին իրականությունից:
Կա, իհարկե, բայց զուտ հիպոթետիկ իմաստով. օր առաջ իշխանափոխությունն է, որը, սակայն, դեռ շարունակում է մնալ՝ վարդագույն երազանք՝ գորշ իրականության հետ կապ չունեցող:
Այս նյութը դիտել են - 957 անգամ