Արցախի կյանքից...Հացի սակավություն կա շուրջս արդեն քանի օր
2023-07-10 11:16:00
Արցախի կյանքից...
Հացի սակավություն կա շուրջս արդեն քանի օր։ Մոտակա փուռում ասացին, որ շուտով տեղական ալյուր կստանան։ Մտա խանութ, մեկում չկար, մյուսում պարզվեց` իմ գնալուց 10 րոպե առաջ վերջացել էր, ասացին` 45 հացը 5 րոպեում «թռցրել են»։ 
Չեմ ասի` աշխարհի վերջն է, երբ երեկ և նախորդ օրն էլ հացի սղություն կար։ «Կարծում եմ` խուճապի մատնվելու կարիք չկա... Հաց չկա, մակարոնեղեն կպատրաստենք», -մտածեցի ես։
Կողքից մեկը հիշեցրեց ինձ, թե լավաշ կարելի է գնել։ Պարզվեց` լավաշ էլ չկա...Լավ է, որ խմորեղենից քաղցրավենիք կար, ուրեմն այսօր հացին փոխարինող ուտելիք ունենք։
Նախորդ օրն էլ չկարողացա հաց գնել։ Խանութից կտրտած ու չորացրած հաց գնեցի` հիշելով, որ տատս «կունչուլ» էր պատրաստում` չորացած հացը մեջը բրդելով։ Ասում են` վնասակար է հացի շատ օգտագործելը, ուրեմն` խնայել է պետք մեր առողջությունը։
Էն շատ հաց գնողներին, որ կարծում են` աշխարհի վերջն է, խորհուրդ եմ տալիս` ագահությանը վերջ տալ, եթե ոչինչ չկա թարմ պահելու համար, պետք չէ հաց կուտակել սառնարաններում։
Պետք չէ չմարդություն ցուցաբերել` սովածների աչքի առջև բորբոսնած հացը շպրտելով։ Հաց պետք է գնել չափավոր, առանց հարայ հրոցի, առանց խուճապի մատնվելու...
Մի օր լավ, մի օր վատ` Արցախի մեր կյանքն է սա, մեր ծանր առօրյայից մի կտոր։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1119 անգամ