Հանուն փողի, ընդդեմ Երևանի. պատմամշակութային հերթական արժեքի քանդման մասին Տարոն Մարգարյանը տեղյակ է եղել (ֆոտո)
2016-02-22 19:51:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն փաստը, թե Հայաստանի իշխանությունները եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայիս ղեկավարությունն ու մասնավորապես քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչ «նվիրումով» են քանդում մայրաքաղաքի պատմամշակութային հին շենքերը, ստիպում է կարծել, որ այս մարդիկ պարզապես ատում են Երեւանը եւ փորձում են ոչնչացնել քաղաքի՝ տեղ-տեղ պահպանված պատմությունը: 


Հանրությունը չի հասցնում պարզել, թե ինչու քանդվեց պատմամշակութային արժեք հանդիսացող այս կամ այն շենքը, երբ լուր է ստացվում հերթական պատմական շենքը քանդելու գործընթացի մասին: Ավետիք Իսահակյանի անվան գրդարանի նախկին շենքի ճակատը Երեւանում պահպանված միակ կառույցն է, որը ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի, կամ ավելի ճիշտ հուշում է, որ այն ժամանակ քաղաքում շենքեր եղել են:
Այս շինությունը գտնվում է Ամիրյան 2 հասցեում: Ի սկզբանե հայտարարվել է, որ շենքի ճակատային մասը կպահպանվի եւ կներառվի այդտեղ կառուցվելիք նոր շենքի մեջ: Այլ կերպ ասած՝ այդտեղ կառուցվելիք շենքը պետք է լինի հնի ու նորի համադրությամբ: 


Երեք օր առաջ լուրեր տարածվեցին, որ Ամիրյան 2 հասցեում շինարարություն իրականացնողները ձեռնամուխ են եղել շենքի ճակատային մասի քանդմանը: Բարեբախտաբար, լրատվամիջոցների միջամտությունից հետո քանդման գործընթացը դադարեցվել է:
Երեկ այս խնդրի հետ կապված Տարոն Մարգարյանը հատուկ խորհրդակցություն է հրավիրել եւ իր ենթակաների վրա հոխորտացել, թե ինչպես կարող էիք նման բան թույլ տալ:
Ստացվում է, որ եթե քաղաքացիական ակտիվիստները, լրագրողները չլինեն, ապա Երեւանի քաղաքապետարանում տեղյակ չեն լինի, թե մայրաքաղաքում ինչ է կատարվում, ով ինչ ուզի, երբ ուզի՝ կքանդի:

Իրականում Տարոն Մարգարյանը եւ մնացած պատասխանատուները լավ էլ տեղյակ են եղել: Պարզապես հասարակական աղմուկը նրանց հուշել է, որ նախընտրական այս տարում մի փոքր զգույշ է պետք լինել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


armlur.am

 

Այս նյութը դիտել են - 1317 անգամ