Այսպես են «թաղում» հողատուին, այսպես են երեսին ապտակում` հիշեցնելով պատմության մեջ դավաճանի անուն ստացած ուրացողներին...
2023-07-25 11:53:00
Հարցազրույց, երբ առաջին անգամ ինձ հետաքրքրեցին միայն լրագրողների հարցերը։ Թե ինչ պատասխաններ պիտի հնչեին, երևի թե բոլորս գիտեինք պատասխանողի պահուստային խոսքերից։ 
Ընդամենը երեք լրագրողի հարց լսեցի, որոնք պիտի հավասարակշռությունից հանեին Արցախ հանձնողին, բայց արտաքուստ խաղաղ էր երևում, իբր ամեն ինչ իր տեղում է, ինքն էլ չի վիրավորվում, որ այդպես համարձակորեն պատին են սեղմում իրեն։
Ինձ թվաց` երիտասարդ լրագրողներն իրենց հարցադրումներով փորձաշրջան են անցնում լրագրության մեջ տարիների փորձ ունեցող մեկի մոտ։ Բայց ո՛չ։ Եթե դա քննություն էր, ապա որքա՜ն տեղին էր, դիմացինին ոչնչացնող։ Ուղղակի հիացնող էին նրանց հարցերը, հիացնող այնքանով, որ նրանք գերազանց հանձնեցին իրենց քննությունը մի լրագրողի մոտ, ում պարտությունը տեսանելի էր ոչ միայն որպես լրագրող, այլև որպես երկրի տեր։
Այսպես են «թաղում» հողատուին, այսպես են երեսին ապտակում` հիշեցնելով պատմության մեջ դավաճանի անուն ստացած ուրացողներին, այսպես են նրան մատուցում այն «ապագան», որը հետմահու է լինում իր թողած տխրահռչակ անունով։
Նա պարտված էր այնպես, ինչպես պարտված է եղել առայսօր իր չունեցած դիվանագիտությամբ։ Այսպես պարտվում են, երբ նրան պատին են սեղմում, որ Արցախ հնչեցնի, այսպես կարող է պարտվել մեկը, ում համարձակորեն հիշեցնում են հրաժարականի մասին...
Նա ոչնչացված էր, և համբերության բաժակը լցված պոռթկաց, ինչպես եռացող կաթսան, որտեղ էլ հիշեցրեց, որ իր տիկինն ընդամենը իրենց աճեցրած բանջարեղենով «աջափսանդալ» էր պատրաստել...
Նա չդիմացավ, երևի թե զգաց, որ լրագրողների հարցերից գահավիժում է և այնքան խոր, որ կարող է դուրս գալու հնար չլինի։ Մնում էր նա հասկանար, որ իր տիկնոջ պատրաստած ուտեստը ոչ թե արցախցիներին էր ի ցույց դրած, այլ այն գիտակից հանրությանը, թե ինչպես են երկիրը «աջափսանդալի» վերածել, որը վերականգնելու համար ջանքեր են պահանջվելու սերունդներին թողած Հերոստրատի` իրենց տխրահռչակ անունով։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2174 անգամ