Արցախի կյանքից...2023-08-02 23:21:00
Վաղուց անհանգստացած ենք, մենք գոյության պայքար ենք մղում հացի հերթերու՞մ, որ սովամահ չլինենք, թե՞ ունենք Արցախի խնդիր, որ այդ հերթերում ստվերի տակ է մնում։ Ու՞մ է ձեռնտու այս իրավիճակը, որ գիշեր ու ցերեկ իրար խառնված` ժողովուրդը հուսահատ խանութների դատարկությունից ու թանկությունից, հացի հերթերում է անցկացնում ժամեր, օրեր, շաբաթներ, ամիսներ...
Կեսգիշերվա հացին չհասա, առավոտ վեց անց քառասուն հացի փուռի հերթում եմ։ Այստեղ իզուր դարձավ մեր կանգնելը, երբ հացի ինչ֊որ քանակ դեռ պետք է այլ խանութների մատակարարեին։ Այնուհետ կանգնած եմ դիմացի խանութի հերթում...
Երեկ ինձ հաց չհասավ, այսօր իմ «բախտը բերեց»։ Այս անգամ վերջին հաց գնողն էի...
Ժամ անց դեղատուն մտա։ Ծանոթ կինը որպիսությունս հարցրեց։ Ասացի` լավ բան չկա, բոլորս էլ նույն ճակատագրին ենք մատնված։
Նա շտապում էր դեպի հացի փուռը, ասաց, որ հերթագրված է։ Հարցրի, թե կարողանու՞մ է միշտ հաց գնել։ Ասաց` վեց շունչ ենք, եթե հաջողվում է երկու հաց գնել, տան մեծերը չեն ուզում հացին մոտենալ։
Թվաց` վերջացավ մեր խոսակցությունը, բայց նա շարունակեց` երեք երեխա ունեմ, որ հաց եմ տուն տանում, երեխաները գնում֊գալիս հարցնում են` մա՛մ, մի կտոր հաց չուտե՞նք... Ասում եմ` կերե՛ք.... Բայց երեկոյան, երբ ուզում ենք սեղանի շուրջ նստել, հաց չի լինում։
Սա մեր կյանքն է, որին երբեմն չի դիմանում համբերությունը հատած արցախցին, որ գիտի երկար հերթերից հետո տուն է դառնալու դատարկաձեռն, երբ տանը անհամբեր սպասում են սոված երեխաներ։
Հ.Գ. Տեղեկացա, որ հացն էլ կտրոնով կլինի, հուսանք` ինչ-որ բան կփոխվի, չնայած ամիսներ առաջվա ձեթի և շաքարավազի կտրոնները դեռ չենք սպառել...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 674 անգամ