«Երկիր պարադոքս. Արցախում սովի կազմակերպիչներն են այն դատապարտում»2023-08-06 12:44:00
«Երկիր պարադոքս.
Արցախում սովի կազմակերպիչներն են այն դատապարտում»։
Հարցազրույց լսեցի։ Հետաքրքիր էր, որ պարադոքս երկիրը Արցախն է, որտեղ ստեղծված է մի իրավիճակ, որն անհանդուրժելի է, առավելապես, եթե սովը կազմակերպված է նրանց կողմից, ովքեր դատապարտում են այն։
Մի՞թե յուրաքանչյուր գիտակից արցախցի չի հասկանում, որ ինքը գտնվում է իր շուրջը հյուսած սարդոստայնի մեջ, իսկ այն հյուսողները երկրի քաղաքական կյանքում տեղ ունեցող «խաղամոլներ են», ովքեր հասարակ ժողովրդի նյարդերի հետ են խաղում, նրանց տանում ծայրահեղությունների։
Հարցնում եմ` ինչու՞ ալյուրը չի հերիքում։ Պատասխան լսում եմ` հացի նույն քանակն ենք թխում։
Սա էլ պարադոքս է, իրավիճակ` հակասող եզրակացությամբ։ Եվ ո՞վ ստեղծեց այս հակասող իրավիճակը, մի բան պարզ է` ո՛չ հացի հերթերում կանգնած ժողովուրդը։
Կաթվածահար է Արցախի ճանապարհային երթևեկությունը վառելիքի պատճառով։ Բայց ահա տասնյակ ավտոբուսներ արցախցիներով կշարժվեն դեպի Հակարիի կամուրջ։ Սյդ որտեղի՞ց այդքան վառելիք,
եթե կամավորության հիմունքով երեխաներն են Ստեփանակերտում հաց մատակարարում խանութներին, եթե հղի կինը չի կարողանում հիվանդանոց հասնել հերթական ստուգման, եթե աղբը չեն կարողանում հավաքել մաքրության պահպանման համար։
Այո՛, պարադոքս է, որ Արցախը թշնամուն հանձնող կառավարությունն է «սրտացավություն» արտահայտում` օգնության տպավորությամբ, ու այդ բեռնատարները կանգնած են փակ միջանցքում։
Պարադոքս է, որ քարից հաց քամող արցախցին հանդուրժում է անասելի թանկացումները, դատարկ խանութները, հացի հերթերը...
Մի՞թե պարադոքս չէ, որ խաղաղ կյանքի երազանք ունեցող ժողովուրդն իրեն արժանվույն տեր չունի, որ վստահի ու հավատա։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 906 անգամ