Ե՞րբ ենք ազատվելու այս կեղծ խաղերից, երբ Արցախ ենք կորցնում, երբ զոհասեղանին է 120 հազարի կյանք
2023-08-16 12:24:00
Ցավում եմ, թե ինչու մեր ազգը այսպես երկատվեց, մասնատվեց, բզկտվեց...Ու աշխարհից անտեղյակ տգետները հիշողություն կորցրին, արժանապատվությունից զրկվեցին, անուն վարկաբեկեցին, թշնամի դարձրին մեզ, երբ արտաքին թշնամի ունենք, որ առավել ոխերիմ է։
Այդ երբվանի՞ց օտար երգիչներն առաջնային դարձան, մոռացան սահմանին զոհված թե ինքնասպանված զինվորին, մոռացան գերի տարված թե առևանգված հայերին...
Սեպտեմբերի 23֊ին նախատեսված համերգը առավել շատ կարևորվեց, որ բարձր տրամադրությունը ստվերի տակ թողնի 44֊օրյա մղձավանջի երեք տարվա հիշողությունը։
Դասական երաժշտությունը որտե՞ղ մնաց, այդ արվեստը կրողներից կալանավայրերում հայտնվեցին, որ թմրամոլ երգչի գալիք ճանապարհին «կարմիր գորգ» փռեն, նրա գոռում֊գոչյունին բղավոցներով արձագանքեն` հարբած ամերիկյան ապրելակերպով, այլասերվածությամբ, անբարո վարքագծով....
Եվ ի՞նչ...«մերոնք» ազատ կյա՞նք են երազում և ինչի՞ց են հոգնել։ Գուցե Եռաբլուրի՞ց, որտեղ մատաղված կյանքերի հիշատակ կա, անկատար մնացած երազանքներ։
Սահմանի՞ց, ուր դիրքեր կան վտանգված, առեղծվածային կորուստներ զինվորների...
Գուցե հոգնել են հայի ճակատագրին հատուկ տխրամա՞ծ երգերից, սիրտները ուրախ թռվռալ է ուզում։
Ոմանք գուցե կշտացել են արցախցիների՞ց, իբր բոլոր կորուստների մեղավորն են նրանք։
Գուցե մեղավո՞ր ենք, որ արդար ենք դատում` դատապարտելով հողատուներին ու նրանց ծափահարողներին, երկիրը ստորադասող ապիկարներին...
Բայց ի՞նչ են մտածում նրանք, որ Արցախ հանձնողներին թողած` ռուս խաղաղապահներին են թիրախ դարձնում` մոռացած, թե ովքեր են Արցախը Ադրբեջանի մաս ճանաչում։
Ե՞րբ ենք ազատվելու այս կեղծ խաղերից, երբ Արցախ ենք կորցնում, երբ զոհասեղանին է 120 հազարի կյանք։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 724 անգամ