Ի՞նչ էինք ուզում, ինչ ստացանք, և ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավորները, մե՞նք, որ երկիրը տալ֊առնելու աղետալի գործարքում չկայինք...2023-08-23 08:05:00
Ակնայի (Աղդամի) ճանապարհից օգտվելը թշնամու «թրի տակով» անցնել է համարվում։ Կանցնի՞ ժողովուրդը, թե՞ կընդդիմանա. սա է խնդիրը, երբ կանգնած ենք
1. թշնամուն ձուլվելու
2. հայաթափվելու
3. սովից ցեղասպանվելու ընտրության առջև։
Ուժեղ դիվանագիտությունը մեզ չէր կանգնեցնի թշնամու պարտադրած այդ ոչ ընդունելի երեք իրավիճակների ընտրության առջև, այլ հավատարիմ կլիներ նոյեմբերի 9֊ի հայտարարությանը, այսինքն` Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքով տեղաշարժին` մերժելով բոլոր տեսակի այլընտրանքային ճանապարհները` լինեն Աղդամի թե Շուշիի կողմից։
Կարծում եմ` մենք մեծ հաշվով տանուլ տվեցինք, երբ ադրբեջանական անցակետ դրվեց Արցախը Հայաստանին կապող միջանցքում, թե ում համաձայնությամբ, ավելի լավ է` լռել։
Բերձորի հանձնումը թշնամու դիվանագիտական հաղթանակներից մեկն էր, և նա միշտ հաղթող է լինելու, քանի դեռ մեր կողմից բանակցողը հնազանդ է, «թրի տակով» անցնող...
Սա պարադոքս է, մի հակադիի իրավիճակ, երբ Արցախ հանձնողներն են բանակցում Արցախի անվտանգության ու իրավունքների համար։
Եվ մենք ի՞նչ ենք ուզում` ինքնորոշու՞մ։ Ումի՞ց ենք ուզում, երբ մեզ հանձնում են, որ մոռանանք այդ ինքնորոշումը Հակարիի կամրջի մոտ հոգեբանական ճնշման տակ, բեռներ քարշ տալիս, վախվորած նրանց լրագրողների անսպասելի հարցումներից, տեսախցիկների առատությունից...
Ի՞նչ էինք ուզում, ինչ ստացանք, և ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավորները, մե՞նք, որ երկիրը տալ֊առնելու աղետալի գործարքում չկայինք...Բայց կանք թշնամու պարտադրած առաջարկներում, եթե իմանանք, թե քանիսն են փորները կուշտ լինելու համար գերադասում Աղդամի շուկան, թե քանիսն են այլ պատրվակներով Արցախը թողել ու պատրաստ են հեռանալ։ Կարծես երրորդ տարբերակում միասնություն կա, եթե սովից ցեղասպանվելու լինենք, մեծամասնություն ենք։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 761 անգամ