Ծնողի խոսքը, թե իր երեք երեխային չի կարողանալու սոված ուղարկել դպրոց2023-08-31 12:24:00
Հաճախ եմ լսում` Արցախում դասեր լինելու՞ են... Մեր պատմությունն եմ հիշում, երբ ցեղասպանվող, Դեր֊Զորի անապատ քշված հայ մայրը ավազի վրա էր հայերեն տառերը սովորեցրել իր զավակին, երբ հայրենիքի համար կյանքը նվիրաբերող հայը վերջին շնչում իր արյամբ է հայերեն տառեր գրել` հավերժ հայեցի ապրելու պատգամը հղելով սերնդին։
Դժվար է, որ կողքից լսում եմ վրդովված ծնողի խոսքը, թե իր երեք երեխային չի կարողանալու սոված ուղարկել դպրոց։
«Հաց չկան», - մեր երեխաների ականջներում զնգում է։ Ու մտածում ենք, թե ինչպես ենք նայելու նրանց աչքերին, երբ գիտենք, որ դարը մերը չէ, երբ գիտենք, որ շատ հարցերի պատասխաններ մնալու են օդում։
Ու մի անպատասխան հարց, թե ինչո՞վ են մեղավոր մեր երեխաները, որ պատերազմներով անցան, բախվեցին հայրենիք, հարազատներ կորցնելու վտանգին, դարձան այս աղետալի օրերի վկաները` իրենց վրա կրելով կյանքի դառնությունների կնիքը։
Թոշակառու ուսուցչուհիս նորից ժամանակավոր կդասավանդի դպրոցում` փոխարինելով երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող հիմնական ուսուցչուհուն։
Գոյաբանական խնդրի առջև լինելով, հայրենիք կորցնելու ահասարսուռ օրերի մղձավանջով անցնելով` պիտի կրթենք սերնդին, ինչպես էլ որ լինի, ուսուցանենք, որքան հնարավոր է, դաստիարակենք այնպես, որ ոչ մեկը չզգա իր ծանրությունն այս հողի վրա ու դառնա մեկը, ով շունչ է տալիս, ապրելու հույս, ոգի, որ հայեցի կյանքը շարունակվի։
Ասում են` տետր չկա, գրիչ չկա, որտե՞ղ են գրելու աշակերտները։ Ստույգ չգիտեմ, գուցե կավիճ էլ չլինի` գրատախտակին գրելու համար, բայց մենք պատրաստ պիտի լինենք մեր ձեռքերի ափերը տետրեր դարձնել, մատները` գրիչներ, մեր ուսանելի խոսքը` հասանելի, որ չտուժի կյանքի մաքառումների կիզակետում հայտնված սերունդը։
Այս դժվարին ժամանակներում խոցելի ենք բոլորս, և որքան կարող ենք, պիտի կյանքի կոչենք դպրոցական առօրյան, որ ապրեցնենք սերնդին` մեր հայացքը ուղղած լուսավոր գալիքին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 704 անգամ