Խառն է ամեն ինչ, ամենուր շահեր, բախումներ, աշխարհակործան ծրագրեր ու այդ ճղճիմ թատերաբեմում հայտնված մի կտոր Արցախ2023-09-07 00:05:00
Մինչ սոված Արցախը հացի խնդրով է զբաղված, նոր ուստարվա մեկնարկով, իշխանական թևի փոփոխություններով, Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական ռազմական տեխնիկայի կուտակումներ են։
Եվ այդ ֆոնին` կարծես ոչինչ չկա, Հայաստանի վարչապետը տեղից տեղ է շրջում` իր «նորարարական» մտքերով, հիմնի հնչողության ձայնային երանգների պարզաբանումներով, կատարած գործերի արած֊թողածով, իսկ կինը հումանիտար օգնությամբ հասնում է Ուկրաինա։
Ու՞մ է զարմացնում Աննա Հակոբյանը, գուցե սրտացա՞վ է ուզում երևալ, կամ մե՞զ է ցանկանում հասկացնել, որ սիրտ ունի, և այն քարից չէ, ուղղակի ոչ արցախցիների նկատմամբ։ Իսկ գուցե դեպի Արցախ եթե ուղեկցեր Հայաստանից մեկ ամիս առաջ ուղարկված բեռները, նրան ընդառաջեի՞ն «հարևան» երկրի տերն ու տիրուհին։
Հավանական է նաև, որ այդ այցը վերջին ժամանակներում հայ֊ռուսական հարաբերությունների վատթարացման վրա «բենզին լցնելու» նպատա՞կ է հետապնդում։ Սա թերևս թողնենք քաղաքագետների վերլուծությանը։
Խառն է ամեն ինչ, ամենուր շահեր, բախումներ, աշխարհակործան ծրագրեր ու այդ ճղճիմ թատերաբեմում հայտնված մի կտոր Արցախ, որ ազատ ապրելու գոյության կռիվ է մղում` աղետի մատնված, գերտերությունների միջև կռվախնձոր դարձած, պատերազմի ուրվականը գլխավերևում կախված։
Դեռ արևը չծագած` հացի հերթում էի։ Հայացքս երկնքին հառեցի` հանկարծ ամպեր չկուտակվեն մեր ծանրացած մտածումներին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 691 անգամ