Բերեք, բերեք Սնուփին, որ փրկեա զմեզ ի չարէ…
2023-09-18 13:58:00

 Բերեք, բերեք Սնուփին, որ փրկեա զմեզ ի չարէ… 

Բա չիմացաք.
պարզվում է՝ Սնուփ Դոգը մեր փրկիչն է, մեր հույսն ու ապավենն է, մեր հուսո փարոսն է, մեր լինելիության ու ապագայի երաշխիքն ու գրավականն է…
Ըստ մեր անկեղծ ու շիտակ վարչապետի՝ «Սնուփ Դոգին բերում ենք Հայաստան, որ որևէ մեկը չմտածի ու չասի, թե Հայաստան չկա, Հայաստանը կոտրվել է, ծնկի է եկել»։
Ակունք իմաստության…
Էվրիկա՜…
Բա մի ոտ շուտ բերեիք…
Նրա սարսափից թշնամին ու՞մ շունն էր…
Պատերազմ էլ չէր լինի, Արցախը մերը կմնար, Հայաստանն էլ պաշտպանված կիներ…
Ո՞նց չէինք ֆայմում…
Չնայած լավ է ուշ, քան երբեք…
Վե՛րջ, որոշված է…
Սնուփի ոտքը հենց մտավ Հայաստան, այլևս որևէ մեկը չի չմտածի ու չի ասի, թե Հայաստան չկա, Հայաստանը կոտրվել է, առավել ևս ծնկի է եկել…
Ղալլաթ կանեն, թե կասեն…
Փառքդ շատ, տե՛ր Աստված, վերջապես մի դուռ բացեցիր մեզ համար…
Պարզվում է՝ Սնուփ Դոգը գեոպոլիտիկ, ռազմաքաղաքական ու ազգային անվտանգության հարցեր լուծող է՝ վրան խաբար չկա…
Փաստորեն Սնուփ Դոգին բերելը՝ Հայաստանը փրկելու տրամաբանության մեջ է։
Այնպես որ՝ 6 միլիոնը Հայաստանի լինել-չլինելու, «Հայաստան» անվանման, ու Հայաստանը ոտքի կանգնեցնելու գինն է…
Անշու՛շտ պետք է տալ այդ գումարն ու նրան օր առաջ բերել Հայաստան՝ մեզ ու մեր երկիրը տեղնուտեղը փրկելու, մեր թշնամիների ու չուզողների պորտն էլ տեղը դնելու համար…
Հենց դա արեցինք, նույն տրամաբանությամբ, ավելի լուրջ կալիբրի մեկ այլ ռեփերի էլ կբերենք, որ Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան հետ բերի…
Օրինակ՝ Էմինեմին հանկարծ բերենք ծովից ծով Հայաստանը ջեբներս է…
Այնպես որ, ի գործ…
Փողը տվե՛ք, շուտ բերեք…
Մանավանդ, քանի դեռ Ադրբեջանը գլխի չի ընկել ու իրենք չեն տարել…
Թե չէ ասում եք՝ այդ գումարն ուղղենք բանակին՝ նոր բնագծերն ու մարտական հենակետերը կահավորելու, սպառազինություն ձեռք բերելու համար…
Բա մեզ պե՞տք է…
Սնուփ Դոգի պես մարդ կա թիկունքներիս,
վաղը, մյուս օր Էմինեմն էլ կգա…
Ի դեպ.
բացի անվտանգային հարցերից, Սնուփը համ էլ Հայաստանը հայտնի և ճանաչելի կդարձնի աշխարհին ու դեպի Հայաստան տուրիստական բյուր հոսքեր կապահովի:
Համենայն դեպս, մինչ Հայաստան գալը Սնուփ Դոգն իր սոցիալական էջով սեր ու ողջույններ է ուղարկել Հայաստանի ու Արցախի ժողովրդին, բայց դրանից հետո զարմանալիորեն ոչ Լաչինի միջանցքը բացվեց, ոչ ֆուռերը մտան Արցախ, ոչ էլ Արցախի ժողովուրդը կշտացավ այդ սիրուց…
Ողբամ քեզ հայոց աշխարհ ու հայոց կառավարություն, որ Վեստ Քոստի սևական թմրամոլ ռեփերը պետք է գա ու փրկի Հայաստանը, այն ճանաչելի դարձնի աշխարհին, առավել ևս այստեղ գտնվելով՝ աշխարհին հասկացնի, որ Հայաստանը դեռ կա, Հայաստանը չի կոտրվել ու ծնկի չի եկել…
Լինես այսքան նսեմ ու ստորացված, երկիրն էլ նվաստացած, որ անկեղծանաս, թե նման մարդ ես բերում ի հեճուկս թշնամիների և ի ճանաչումն աշխարհի…
Ձեռք եք առնում սեփական ժողովրդին…
Սա ի՛նչ էժանագին շոու է, սա ի՛նչ խայտառակություն է, աբսուրդ ու անհեթեթություն…
Այդքան սահմանափա՞կ է մտածողությունդ, տրամաբանությունդ ու հեռատեսությունդ…
Թե՞ իրոք գիտակցելով ու հաշվարկված ես այս ամենն անում…
Սնուփը մեծ հաշվով թքած ունի ամեն ինչի վրա…
Նա զուտ իր հաճույքի ու կլորիկ գումարի համար է գալիս…
Դուք եք, որ երանգներ եք տալիս, ֆետիշացնում եք ու սարքում կուռք…
Ավելին՝ վերջինս շոու բիզնեսում է 1992 թվականից և նրա կարողությունը կազմում է 150 միլիոն դոլար։
Փաստորեն նա 31 տարի չարչարվել է և վաստակել տարեկան միջինն ընդամենը 5 միլիոն դոլար, իսկ Երևանում մեկ օրում, 2 ժամանոց համերգում վաստակելու է 6 միլիոն դոլար։
Հիրավի հրաշքներ են կատարվում Հայաստանում, հիրավի Սնուփ Դոգի համար Հայաստանը դրախտ է ու «страна чудес»…
Պարո՛ն վարչապետ, Հայաստանն այդկերպ չէ, որ ճանաչելի ու ներկայանալի պետք է դառնա աշխարհին, փրկվի ու չանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից, առավել ևս՝ ոտքի կանգնի ծնկած վիճակից…
Հայաստանն իր ուրույն տեղն ունի ու չի վերանա…
Անգամ եթե դա թե՛ արտաքին և թե՛ ներքին թշնամին շատ ուզենա…
Ու ոչ էլ երգիչ-երգչուհի բերելով է, որ պետք է Հայաստանը հարատևի…
Հայաստանն աշխարհին հայտնի է ու էլ ավելի հայտնի կդառնա իր ստեղծած անթիվ ու անհամար արժեքներով, իր պատմությամբ, գիտությամբ, գրականությամբ, երաժշտությամբ, ազգային ավանդույթներով, ինչպես նաև սեփական հայրենիքը պաշտպանելու կամքով և վճռականությամբ:
Մնացածը՝ սակավամտություն է ու բաժակաճառեր…
Ադրբեջանը սահմանին զորք ու տեխնիկա է կուտակում, պատերազմի է պատրաստվում, իսկ մենք համապետական ու համազգային այս աղետի ֆոնին Սնուփ Դոգի համերգին ենք պատրաստվում, երկիրը տոնահանդեսի վերածում…
Խելքի աշեցեք…
Մնում է ասել՝
Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանությանը…
Վարդան Կարապետյան
Այս նյութը դիտել են - 510 անգամ