«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ներկայացնելու է իր կողմից կայացրած որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, որոնք բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացված է, եւ այն քվեարկության դրվելուց հետո կհրապարակվի: «Ես այս պահին չեմ կարող որեւէ տեղեկություն տրամադրել, քանի որ դա կլինի ոչ կոռեկտ քայլ հանձնաժողովի նկատմամբ: Ժամը 1-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, որից հետո կհրապարակենք մեր որոշումը»,- ասաց Վ. Բաբայանը»:
Այս նյութը դիտել են - 1647 անգամ