Այդ թշնամին է, որ զայրույթով է լցվում, երբ Արցախ են գործածում, «մերոնք» ինչու՞ են զգուշանում «Արցախ» անվան գործածությունից
2023-09-29 22:18:00
«Արցախից, կներեք` Լեռնային Ղարաբաղից»։ 
Երբ աշխարհը թնդում է արցախցիների բռնատեղանությունից, երեկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը եթերով «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց։
Այդ թշնամին է, որ զայրույթով է լցվում, երբ Արցախ են գործածում, «մերոնք» ինչու՞ են զգուշանում «Արցախ» անվան գործածությունից։
Պետք է թերթել պատմությունը, հպարտանալ, որ դարերի խորքից է եկել Արցախը` իր ստեղծագործ, բազմաչարչար ժողովրդով, բայց պիտի գետինը մտնել, որ 21֊րդ դարում հանձնեցին մի դրախտավայր` հայրենազուրկ անելով արցախցիներիս։
Թե ովքեր հանձնեցին թշնամու սպառնալիքի տակ, մենք գիտենք, բայց որտեղի՞ց եկան այսքան աղետները մեր գլխին` շրջափակում, պատերազմ, արցախցիների բռնատեղահանություն...
Ինչպե՞ս են զգում իրենց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչողները... Մեր անկումն սկսվեց հենց այդտեղից, երբ աշխարհին համոզում էին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է։
Եվ այդ ֆոնին` տեսնում ենք հազարավոր մարդկանց հոգատարություն հայրենազուրկներիս հանդեպ, այս մեծագույն ցավի կրողներս հիացմունք ենք ապրում Հայաստանի մեր հայրենակիցների հանդեպ` իրենց ձեռքմեկնումով, մեծ սրտացավությամբ, կազմակերպած տարատեսակ օգնություններով, որ նախաձեռնում են իրականացնել։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են` իրենց խոսքով, վերաբերմունքով, մարդկային լավագույն որակներով...Իսկ նրանք հազարավորներ են` Հայաստանի բոլոր մասերում, նրանք հուսադրել գիտեն, խորհուրդներ տալ, հորդորել, նրանք գիտեն սեր տալ ու հարգանք... Նրանք չեն զգուշանում «Արցախ» անունը գործածելիս, նրանց համար բռնագաղթածներս Արցախից ենք եկել, որ որբություն չզգանք մայր Հայաստանի գրկում, մեր հայրենակիցների ձեռքերի հոգատար ափերի մեջ։
Շնորհակալությունս բոլորին, ֆբ իմ հեռու և մոտիկ ընկերներին, հարազատ մարդկանց, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են` մեր ապրումներով, մեզ վշտակցելով, մեզ հուսադրելով, իրենց առաջարկներով, ամոքիչ խոսքերով, երբ արցախցիներս մեր սրտերում մի֊մի Արցախ ենք բերել, որ մայր Հայաստանի գրկում փայփայած պահենք` ամուր կառչած հայոց հողին, հայոց պատմությանը, հայկական արմատներին, ազգային արժեքներին...
Նատաշա Պողոսյան 
Այս նյութը դիտել են - 792 անգամ