Երևի ոչ ոք իր ամուսնուն այդքան չէր ստորացրել, որքան այս կինը
2023-10-18 11:35:00
Փոխվել են ժամանակները, փոխվել է արժեհամակարգը, փոխվել է երևի նաև պատգամավոր Էմմա Պալյանը
Այսօր ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանը հայտարարեց, որ ամուսնուն հասարակական հիմունքներով նշանակել է իր օգնական, որպեսզի նա սպասի ոչ թե դրսում, այլ իր աշխատասենյակում։
Երևի ոչ ոք իր ամուսնուն այդքան չէր ստորացրել, որքան այս կինը։ Խնդիրն աշխատավարձը չէ, որի մասին շեշտում է սույն պատգամավորը, այլ սեփական ամուսնու արժանապատվությունը։ Գուցե ուլտրաժամանակակից տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, սակայն, այնուամենայնիվ, հայ տղամարդու ինքնասիրությունն այդքան էլ չի շոյվում, երբ պաշտոնապես դառնում է իր կնոջ օգնականը։
Բացի այդ, բոլոր տղամարդիկ էլ ժամանակ առ ժամանակ գնում են իրենց կնոջն աշխատանքից տուն տանելու, սակայն որքան անճար պետք է լինի մարդը, որ ստիպված լինի սպասել կնոջը նրա սեփական աշխատասենյակում։
Սույն տիկնոջը հավանաբար արժի հիշեցնել, որ կնոջ խելացիությունն առաջին հերթին երևում է ոչ թե նրա հասարակական դիրքով, կրթությամբ ու գիտելիքներով, այլ ամուսնուն չստորացնելու արժանիքով, եթե նույնիսկ ամուսինն անարժանի մեկը լիներ։
Եթե տիկինն այդքանը չի գիտակցում, ապա կարող է և հանգիստ իր ամուսնուն աշխատավարձ նշանակել, գուցե այս դեպքում հանրությունը խղճահարությամբ լցվի ու հանդուրժի իր հաշվին մի անճար մարդու գոնե ծխախոտի գումար վաստակելու հնարավորություն տալը, հակառակ դեպքում դա էլ կմնա կնոջ քմահաճությանը։

Liana Beknazaryan

Այս նյութը դիտել են - 1333 անգամ