Խորհուրդս նման «ուսուցիչներին»
2023-10-24 00:05:00
«Տիկի՛ն Պողոսյան, կարոտում եմ մեր տունը, մեր դպրոցը, կարոտում եմ բոլորիդ։ Ես կարոտում եմ Ձեր դասերը, որտեղ մեծ սեր կար դեպի հայրենիքը։
Այն դպրոցը, որտեղ հաճախում եմ, այսքան ժամանակ ասում են մի բան, որին չեմ հավատում։
Ասում են. «Արցախը մերը չէ, ճիշտ են արել, որ տվել են»։
Մեր ուսուցչուհին քարտեզի վրա Արցախի տեղն էլ չգիտի, ու ամեն անգամ, երբ ուզում եմ ցույց տալ, ասում է` դա ձերը չէ»։
Արցախից բռնատեղահանվելուց հետո մեր ոչ բոլոր աշակերտներից տեղեկություն ունեմ, թե որտեղ և ինչպես են տեղավորվել, բայց անձնական նամակ ստացա իմ աշակերտուհուց կեսգիշերին։
Նա տխուր էր, հուսահատ, անգամ զարմացա, որ այդքան ուշ ժամի գրել է ինձ։
Տողերը շամփրեցին ուղեղս, ներքուստ զայրացա, բայց հասկացա, որ պետք է իմ խոսքերով հանդարտեցնեմ նրան։
Նա չիմացավ, որ թաց աչքերս սրբելով էի շարում տողերս։ Մոռացել էի կեսգիշերվա մասին, բայց նաև փորձում էի նրա մոտ հակակրանք չառաջացնել այն «ուսուցչուհու» հանդեպ, ով այնպես անխղճորեն քրքրում է Արցախ կորցրած դեռահասի սիրտը։
Իմ մանկավարժությունից ելնելով` ես չկարողացա նախկին աշակերտուհուս մոտ վարկաբեկող խոսք հնչեցնել այդ ո՛չ ուսուցչուհու հանդեպ։ Նաև խնայելով իմ աշակերտուհուն` անուններ չեմ գրում, երբ հայրենիքը սիրելու մի դաս վարեցի կեսգիշերին` մեղմացնելով նրա վրդովմունքը։
Խորհուրդս նման «ուսուցիչներին»`
ստրկական գաղափարախոսությամբ հպատակ մի՛ դարձեք, թե ծառայում եք իշխանություններին` պատմություն խեղաթյուրելով, երբ իշխանությունները ժամանակավոր են, իսկ պատմությունը ստույգ ժամանակագրություն ունի,
չափազանց զգու՛յշ եղեք հայրենիք կորցրած երեխաների հետ` գոնե հավատարիմ մնալով հոգեբան-մանկավարժի ձեր առաքելությանը։
Կարծում եմ` այսքանն էլ քիչ չէ հասկացողի համար, չնայած կասկածում եմ` հիշելով հայտնի խոսքը. «Հասկացողին մին ասա, չհասկացողին` հազար ու մին»։
Ուղղակի այդպիսի «ուսուցիչների» մոտ ափսոս են երեխաները, նրանք պետք է աշակերտների հետ հարաբերություններում վերաբերմունքի դասեր սովորեն, ոչ թե աղ լցնեն բազում աղետներով անցած, հայրենազուրկ դեռահասների վերքերին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1078 անգամ