Փաշինյանը գերագնահատել է Պարեկային ոստիկանության դերը՝ փորձելով արդարացնել տասնյակ միլիարդների մսխումը2023-10-28 12:30:00
Արտաշատում մասնակցելով Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը՝ Նիկոլ Փաշինյանը ականջ շոյող, բայց իրականության հետ, ըստ էության, որևիցե կապ չունեցող հայտարարություններով է հանդես եկել՝ գերագնահատելով այդ ծառայության գոյության իմաստը:
Հայտնելով, որ Պարեկային ոստիկանության հիմնադրման համար ընդհանուր ծախսվել է 29 մլրդ դրամ (մոտ 73 մլն դոլար)՝ վարչապետը հայտարարել է, թե Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանվածության ավելի մեծ զգացումով օժտելն է:
Արդյոք Փաշինյանը չի՞ գերագնահատել պարեկների գործառույթը՝ այն պարեկների, որոնցից մեկը, օրինակ, բոլորովին վերջերս էր հայ ժողովրդի հասցեին ամենավերջին հայհոյանքները հնչեցնում: Նորմալ երկրում, օրինակ, նման պարեկը կամ ոստիկանն անմիջապես պատասխանատվության կենթարկվեր, այնինչ մեր իրականությունում ցայսօր պարզ չէ՝ հայհոյախոս ու հայատյաց այդ մարդուն գոնե ինչ-որ կերպ ստիպե՞լ են ասածների համար պատասխանատվություն կրել:
Հարց է առաջանոմ՝ ինչո՞վ է Պարեկային ոստիկանությունը, որի վրա հսկայական փողեր են թափվել, հայերին պաշտպանվածության ավելի մեծ զգացումով օժտում: Պաշտպանվածության զգացումը բազմաբաղադրիչ, բազմաշերտ երևույթ է, ու դրա հիմնական տարրը նախևառաջ արտաքին թշնամիներից պաշտպանվածությունն է, այն էլ մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ է այս շրջանում Արցախի ու Հայաստանի հետ կատարվում, որտեղից է գալիս հիմնական վտանգը, և ինչպես է այդ վտանգին արձագանքում հայաստանյան իշխանությունը, որ նույնիսկ այս իրավիճակում չի դադարում խաղաղության քարոզ անել՝ թմրեցնելով մարդկանց բնազդները: ՀՀ քաղաքացուն կարող է անվտանգության զգացում ներշնչել միայն թուրքի հետ համապատասխան լեզվով խոսացող իշխանությունը, այլ ոչ թե կիսագրագետ, օրենք չիմացող ու մեծամասամբ անկիրթ մարդկանցից բաղկացած պարեկային ծառայությունը, որ իսկական պրոբլեմ է դարձել այսօր, որ ընդամենը բյուջեի փողերն է մսխում այս ծանր իրավիճակում՝ խիստ ցածր ՕԳԳ ունենալով: Որ պարեկ չկար, մարդիկ չէի՞ն ապրում…
Փաստ է, որ Հայաստանում իբր տեղի ունեցող ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ միայն խորանում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը, հանցագործությունների թիվը շատանում է, ուսադիրավորներն էլ կորցնում են իրենց վարկը՝ դառնալով ինչ-որ անիմաստ երևույթներ: Բարեփոխումների անվան տակ իշխանություններն իրականում ոչնչացնում են Ոստիկանությունը՝ երկիրը մխրճելով ներքին քաոսի մեջ:
Այս նյութը դիտել են - 1106 անգամ