Վովա «forever». իրականությունը կոծկել է՛լ չի ստացվում2023-12-03 08:08:00
Հակակոռուպցիոն դատարանը որոշել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) խափանման միջոց տնային կալանքը փոխել բացակայելու արգելքով։
Ինչպես հայտնի է, Վովայի Արշակը մեղադրվում է խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Ամիսներ առաջ Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվել էր, և Վովայի Արշակի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Թե հատկապես ինչ հիմքով էր նրա նկատմամբ նման մարդասիրություն դրսևորվել, այդպես էլ պարզ չէր դարձել: Նույնքան մութ են մնում այս նոր որոշման պատճառները, որի շնորհիվ, փաստորեն, Վովայի Արշակին, կարելի է ասել, տրվում է ազատություն:
Բավական խոսուն ու նույնքան հակասական պատկեր է ստացվում. մի կողմից՝ բանտվում են ՔՊ-ին քաղաքականապես ընդդիմացող գործիչները, իշխանությունների հանրային քննադատները, որոնց մեծագույն մասը ներկայացնում է նախկիններին, մյուս կողմից՝ նույն այդ նախկին իշխանությունը ներկայացնող ու հանրության շրջանում հանցագործի համբավ ունեցող մարդիկ ձերբազատվում են պատասխանատվությունից: Արդյոք, եթե, նույն Վովայի Արշակն էլ քննադատական ստատուսներ գրեր կամ լայվեր աներ, նույն վերաբերմոինքի՞ն էր արժանանալու, ինչ որ իշխանությունների բանտված քննադատները, թե՞ Վովա Գասպարյանի ազդեցությունն այնքան մեծ է, որ «քար կծակի», եթե խոսքն իր ենթակաների մասին է:
Իսկ այն, որ վովաների ազդեցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի վրա չափազանց մեծ է, փաստվում է հենց թեկուզ այն իրողությամբ, որ Արդարադատության նախարարի պաշտոնում Միքայել Մինասյանի եղբայրն է: Ճիշտ է՝ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմության մի հատվածը այդ իրողությունը խոսուն չի համարում, սակայն միայն վերջին հիմարը կարող է այս ճչացող փաստի կողքով անտարբեր անցնել՝ հետևություններ չանելով:
Վովայի Արշակի նկատմամբ մեղմ, գորովալից վերաբերմունքը ևս մեկ անգամ փաստում է, թե որքան շատ անտեսանելի թելերով են կապված իրար նախկիններն ու նրանց ներկայիս իրավահաջորդները՝ հեղափոխական հորջորջվող:
Այս նյութը դիտել են - 961 անգամ