Հայկական սփյուռքի գոյությունը թուրքերին հանգիստ չի տալիս
2023-12-14 17:10:00

Հաքան Ֆիդան-Ջեյհուն Բայրամով հանդիպմանը բավական ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայի քուրդ արտգործնախարարը՝ բողոքելով Արևմուտքի հայկական սփյուռքից: Հայտարարելով, թե իբր տարածաշրջանում ներկայումս կայուն խաղաղության հնարավորություն է ստեղծվել՝ Ֆիդանը միաժամանակ ասել է. «Ներկայումս այդ հնարավորությունը զգալիորեն աճել է։ Բոլոր կողմերը պետք է ձգտեն խաղաղության և կայունության։ Ցավոք, Արևմուտքի հայկական սփյուռքը օգտագործում է հայ ժողովրդին և որոշ երկրներին տրամադրում Ադրբեջանի դեմ։ Ավելի լավ է՝ դա անելու փոխարեն հայ ժողովուրդն իր էներգիան ծախսի հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու վրա»:
Ինչո՞վ է այս հայտարարությունը կարևոր կամ ինչի՞ ցուցիչ է: Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունեն թուրքերը՝ հայտարարելով, թե տարածաշրջանում իբր խաղաղության հնարավորություն է բացվել: Այդ խաղաղությունը պետք է կառուցված լինի բացառապես մեկ բանի՝ Հայաստանի կապիտուլյացիայի վրա, որ ենթադրում է մոտավորապես այն, ինչին այժմ ձգտում են հայաստանյան իշխանությունները. Հայաստանը վերջնարդյունքում դառնալու է ընդամենն ինչ-որ տրանզիտային երկիր՝ ստիպված լինելով զրկվել ինքնությունից, վերանայել պատմությունն ու դրան տրվող գնահականները, գուցե նաև վերանայել Հայոց ցեղասպանության հարցը, որը հանգիստ չի տալիս Թուրքիային: Հայաստանը կարող է նույնիսկ բանակ չունենալ կամ ունենալ այնքան, որքան թույլ կտան թուրքերը և այլն, և սա՝ այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը հակված կլինեն հանդուրժել «Հայաստան» անվամբ երկրի գոյությունը: Իսկ երբ հատնի նրանց համբերությունը, հերթական անգամ կցեղասպանվենք:
Բողոքելով Արևմուտքում գոյություն ունեցող հայկական սփյուռքից՝ Անկարան փաստացի խոստովանում է, որ Հայաստանի կապիտուլյացիային խանգարող միակ գործոնն այսօր հայկական սփյուռքն է՝ սուբյեկտ, որն այս իրավիճակում միակն է՝ Թուրքիայի շահերին սպառնացող: Ֆիդանը այսպիսով կոչ է անում սփյուռքին մտնել հայաստանյան իշխանությունների տակ ու դառնալ նույնքան անդեմ ու անողնաշար, որքան ՔՊ-ն ինքն է: Թուրքերը զգում են իրական վտանգ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը կարող է սփյուռքի օգնությամբ ինքն իրեն վերագտնել, ուստի ջանում են նույն հայաստանյան իշխանությունների օգնությամբ զրոյացնել սփյուռքի ներուժը, սեպ խրել պետության ու հայ ժողովրդի հիմնական մասի միջև:
Ցավոք, դա նրանց հաջողվում է՝ հաշվի առնելով այն, թե ով է Զարեհ Սինանյանը ու ինչով է նա այսքան ժամանակ զբաղվել…
Այս նյութը դիտել են - 764 անգամ