Մնում է հարցնել այն վերևների օրենք թելադրողներին` այս ինչե՞ր են թաքնված արցախցիների հանդեպ կեղծ հոգատարության քողի տակ2023-12-14 21:18:00
·
Այսօր նորից ՆԳՆ տարածքային անձնագրային բաժնում էի` այս անգամ գիշերվա ժամը 4-ին։ Վերջապես հերթագրվող 30 արցախցիների մեջ ընդգրկվեցի։ Սա թերևս միակ հաջողությունն էր վերջին օրերին։
Թե ինչու է 30 թիվը շոշափելի դարձել մեր խոսքում, կրկնապատկվել, եռապատկվել մեր ձգտումը, որ հայտնվենք այդ 30-ի մեջ, առավել շատ կեսգիշերին հերթագրման եկած արցախցիները կհասկանան, այն էլ` դժգոհ, զայրույթով լցված խոսքերով։
Մինչև գիշերվա ժամը 5-ը ավարտված էր հերթագրումը, բայց հերթագրվածներիս համար մեկ այլ մտահոգություն կար, որ մնայինք անձնագրային բաժնի բակում մինչև լուսանար, որ ժամը 9-ին սկսվեր աշխատանքը ու մեզ ընդունեին։
Այդ 30-ի մեջ երեք արցախցի թոշակառու կին միմյանց հետ ծանոթացանք, հետո փորձեցինք քայլել` ցուրտն ու անձրևից թրջված գետնի խոնավությունը հաղթահարելու համար։ Մի երկու ժամ այդ ցրտին դիմացանք, առավոտ ժամը 6-ից հետո էր, որ երեքով արցախցի տղամարդու մեքենան մտանք...
Մեքենայի տաք ջերմությունը երևի թե միակ փրկությունն էր, որ գոնե մեր ոտքերին հանգիստ տալով` նստած դիմավորեինք լուսաբացը։
Ամբողջ կյանքում ֆիզիկական թե մտավոր տքնանքով եմ հասել հաջողության, բայց չգիտեի, որ Արցախում ընդհատված մեր թոշակներին Հայաստանում տեր կանգնելու համար շատ ավելի ջանքեր են պահանջվելու` եղածին ավելացած մեր հոգեկան ապրումները։
Ու՞մ է պետք այս իրավիճակը հայրենազուրկ արցախցիներիս համար, ովքե՞ր են շահագրգռված մեզ տանում մի ողբերգական վիճակի, որտեղ հաղթող ու պարտվող չկա, ընդամենը նյարդերի լարում է մեզ մատուցած այս արհեստական կրկեսում։ Եվ ովքե՞ր են դիտորդները, որոնց հաճելի է այս խաղը։
Առավոտ ժամը 9-ի մոտ արդեն կանգնած էինք անձնագրային բաժնի դիմաց։ Հերթագրված 30-հոգանոց ցուցակում 5-րդն էի, ու ինձ հետաքրքրում էր, թե որքան ժամանակատար է այդ հաշվառումը, որ այսքան «զոհողություններ» է պահանջում։
Կողքից հիշեցրին, որ հերթագրված 30 հոգուն ամեն օր մինչև կեսօր են ընդունում, այդպես է ընդունված բոլոր անձնագրային բաժիններում։
Մնում է հարցնել այն վերևների օրենք թելադրողներին` այս ինչե՞ր են թաքնված արցախցիների հանդեպ կեղծ հոգատարության քողի տակ, ու՞մ են պետք այս արհեստական ծուղակները, որ ամեն առիթով մատուցում են մեզ։
Ընդունված կարգի համաձայն` դիմումի երկու օրինակ լրացրինք, մեր անձնագրերը 10 օրով վերցրին։ Այդ օրերի ընթացքում այսօրվա հաշվառվածներին կայցելեն մեր նշած հասցեներով, որ ստուգեն` թե որքանով է ճիշտ, որ այդ հասցեում է ապրում հաշվառման ներկայացած անձը։
Մենք 10 օրից հետո կգնանք նորից հերթում կանգնելու, որ ստանանք այն փախստականի վկայականն ու մեր անձնագրերը։ Միայն այդ դեպքում առցանց լրացրած դիմումի համաձայն` կորոշվի, թե որքան թոշակ կարող է ստանալ Հայաստան բռնատեղահանված թոշակառուն։
Երևի շատերի մոտ թոշակի գումարը տարբերություն կտա։ Եթե ոչ 30, ամենաքիչը 25 հազար դրամ ես քիչ կստանամ թոշակ, քան Արցախում էր։
Մնում է ասել` այս ի՞նչ երկիր է, որ ժողովրդին աղքատության մատնած` ժողովրդավարության մասին է թմբկահարում։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 893 անգամ