Իշխանությունները ռիսկի չեն դիմի. աթոռը՝ ամեն ինչից առավել2023-12-15 12:49:00
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում բավական ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գնալ արտահահերթ ընտրությունների: Տարբեր վերլուծաբանների ու հասարակական-քաղաքական գործիչների կարծիքով՝ այդ քայլով փորձ է արվելու մի կողմից փոխել ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումը, մյուս կողմից լուծել լեգիտիմության հարցը, որ առաջ է եկել Արցախի հետ կատարվածից հետո: Ավելին՝ կա տեսակետ, որ նոր զիջումներ անելուց առաջ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է հերթական անգամ ստանալ ժողովրդի քվեն՝ գնալու այնպիսի քայլերի, որոնք Հայաստանը դե ֆակտո կվերածեն անորոշ ապագայով ռեզերվացիայի:
Եվ ահա այս ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խնդրին՝ հայտնելով, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պլաններ չունեն: «Վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին խոսույթն ամբողջությամբ կեղծ է, նման քննարկում անգամ չկա։ Ընդդիմադիրների կողմից արտահերթ ընտրությունների մասին կեղծ խոսույթի տարածումը հանրության հույզերի հետ խաղալու հերթական անհաջող փորձն է, որպեսզի հետագայում մեղադրեն իշխանությանը արտահերթ ընտրությունների չգնալու համար ու փորձեն փողոցային նոր շարժում ձևավորել»,-մասնավորապես՝ գրել է Չախոյանը:
Իշխանությունների մոտ ակնհայտորեն պլաններ են փոխվել, իսկ թե ինչն է ստիպել նրանց վերանայել դրանք, կարելի է միայն ենթադրել: Բայց ամենահավանական տարբերակը թերևս երկուսն են՝ կա՛մ դրսից իջեցված պատվերը չեղարկվել է՝ հաշվի առնելով Հայաստանի խամաճիկայն կարգավիճակը, կա՛մ նույն իրենց դրսի տերերին ՔՊ-ականներն են համոզել հետ կանգնել այդ գաղափարից՝ բացատրելով ու փաստելով, որ չունեն հանրային նույնիսկ նվազագույն աջակցություն՝ գնալու արտահերթ ընտրությունների, իսկ եթե ջախջախվեն, ապա դրսի տերերի բոլոր ծրագրերը հօդս կցնդեն:
Շատ հավանական է, որ իշխանություններին վախեցրել են հատկապես Երևանում անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքները, երբ, փաստորեն, ՔՊ-ական Ավինյանին միայն հրաշքով հաջողվեց դառնալ Երևանի կառավարիչը: Իշխանությունները թերևս հասկացել են, որ երկրորդ անգամ «միևնույն գետը մտնելը» կարող է այս անգամ իսկապես ճակատագրական դառնալ իրենց համար՝ վերարտադրության համար որևիցե շանս չթողնելով:
Այս նյութը դիտել են - 893 անգամ