Հետաքրքիր է, թե ժողովրդական և վաստակավոր կոչումներով երգիչը, դերասանը, ուսուցիչը, բժիշկը ինչպես կարող են խաթարել երկրի Համերաշխությունը2024-01-16 09:33:00
Երբ «հարևան» բռնապետը պահանջում է Հայաստանից 14 հազար քառ. կմ տարածք, կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել Հայաստանի պատվավոր կոչումների համակարգը։
Հիշենք, որ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, որ փրկեն Հայաստանի ամբողջականությունը 29, 8 հազար քառ. կմ տարածքով, հիմա թշնամին մայր երկրի մոտ 50 տոկոսին ցանկանում է տեր դառնալ։
Եվ ոնց էլ այս «հնարամիտները» կարողանում են ամենալուրջ իրավիճակներում, երբ վտանգված է երկիրը, մեկ այլ քննարկման թեմա շոշափել` հանրության ուշադրությունը շեղելու համար։
Նախագծում նշված է, որ այդ կոչումները խաթարում են կադրային քաղաքականությունը, հանրային համերաշխությունը։
Հետաքրքիր է, թե ժողովրդական և վաստակավոր կոչումներով երգիչը, դերասանը, ուսուցիչը, բժիշկը ինչպես կարող են խաթարել երկրի Համերաշխությունը։
Եթե ժողովրդի մեջ սևեր ու սպիտակներ տարբերակեցին, այդ իրենց կողմից էր, եթե հանրությունը բաժանվեց նիկոլականների և հականիկոլականների, նույնպես հեղինակներն իրենք էին, արցախատյաց ու արցախասեր հանրության մասնատումն էլ իրենցից բխեց... Գուցե ասենք` սրանք այն կոչումներով անհատականությունների ստվերում չե՞ն ուզում մնալ, երբ տաղանդավորն ու անտաղանդը, շնորհալին ու ապաշնորհը, խելացին ու լայնախոհը, նեղմիտն ու ձախողակն իրար են հակադրվում։
Առանց այն չէ, այդ կոչումներով ոչ արժանիներ էլ կան, բաց ո՞վ իրավունք ունի 10֊20֊30 տարի առաջ այդ բարձր պարգևներին արժանացած անհատների կոչումները չեղարկել։
Գուցե չեղարկել 2022֊ի հոկտեմբերի 6֊ի Պրագայում ընդունած հակաարցախյա՞ն հայտարարությունը, որով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչվեց ու մեզ մատուցած աղետներով հայրենազուրկ դարձանք։
Եթե ընդունելի է այդ նախագիծը, ապա սկսել այն ոչ թե պատվավոր կոչումների չեղարկումից, այլ այն բոլոր ստորագրություններից, որ վերջին տարիներին դրվել է ոչ հայանպաստ փաստաթղթերում։
Եվ եթե այս իշխանավորներն էլ հրաժարական տային, երկիրն էլ կփրկվեր, ժողովուրդն էլ, այն ժամանակ իսկապես հանրության մեջ համերաշխություն կլիներ։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 563 անգամ