Մեկ օր չէ, երկու օր չէ, երեք չէ, օրեր, ամիսներ2024-01-17 20:40:00
Անկեղծ ասած, հոգնել ենք... Եվ այնքան շատ, որ կարևորը թողած` արդեն քանի ամիս ընկած ենք թղթաբանության հետևից։
Եթե Արցախում ժողովուրդը, հումանիտար աղետի մատնված, գոյության խնդիր էր լուծում հացի հերթերում, Հայաստանում էլ արցախցիների առջև նույն գոյության խնդիրն է` սոցիալական հարցեր լուծելու համար փաստաթղթային բազմաթիվ հերթերում։
Հիմնականում «պտտվում ենք» ներքին գործերի տարածքային անձնագրային բաժիններում, տարբեր բանկերում, սոցապ նախարարության զանազան մասնաճյուղերում։
Մեկ օր չէ, երկու օր չէ, երեք չէ, օրեր, ամիսներ։
Մեր հոգնած ոտքերին հանգստություն է պետք, էլ չասեմ մեր անթաղ սրտերի մասին...Ու չենք հասցնում գլխավորի մասին մտածել, երբ ամեն սրբություն թողել ենք հեռվում` բարբարոս ցեղի ձեռքին։ Մենք չենք հասցնում մտածել, թե արյան ծարավ թշնամին ինչու՞ է մոլագարի նման Արցախում քարերից վրեժ առնում։ Խոսքս գերեզմանաքարերի մասին չէ զուտ և ոչ էլ` խաչքարերի, հուշակոթողների, այլ սովորական քարաբեկորների, ապառաժ քարերի, որոնց վրա իրենց մաղձն են թափում, որ հանդարտվեն։
Տեսնես ի՞նչ կանեն այդ արյուռուշտները, եթե արցախցիներ տեսնեն...Այն ովքե՞ր են, որ Արցախ վերադարձի մասին են բարձրաձայնում...Ինքս չեմ շտապում, երբ գիտեմ` շատ երկար է հայկական Արցախ տեսնելու հեռանկարը...
Որքա՜ն հանգիստ ապրելու մեծ կարոտ ունենք...Քաղց ենք հագեցնում, ծարավ, բայց կարոտը հագեցնելու հնար չունենք։
Այս նյութը դիտել են - 642 անգամ