Հայաստանի պարագայում Նիկոլ Փաշինյանի այդ փիլիսոփայությունը չի աշխատում
2024-01-22 08:43:00
Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը, հունվարի 19-ին այցելելով Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու, հայտարարել է.«Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն»:
Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանի մտքի ուղղությունն անթերի է, անխոցելի, բայց երբ հաշվի ես առնում, թե որ կամ ինչպիսի երկրի վարչապետ է այս խոսքերի հեղինակը, նրա խոսքերը քիչ համոզիչ են թվում:
Նիկոլ Փաշինյանի մատնանշած փիլիսոփայությունը գործնականորեն չի հաստատվում: Հարկերը կարծես հավաքագրվում են ժամանակին ու բավական արդյունավետորեն (համենայն դեպս՝ այդպես է ներկայացվում), սակայն դրանից հայկական պետականությունը չի ամրանում՝ բացահայտորեն կքելով թշնամական հռետորաբանության առջև:
Հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞ւմ համար են հարկերը հավաքվում, եթե ո՛չ ժողովրդի իրական սոցիալական վիճակն է բարելավվում, ո՛չ էլ հայաստանյան պաշտոնական հռետրաբանությունն է ավելի արժանապատիվ դառնում: Տպավարություն է՝ ասես ազգովի դարձել ենք ազերիների տանձիկը՝ լեզու ու նյարդային համակարգ չունեցող:
Հարկերի հավաքագրումն ու հարկատուների կողմից պարտաճանաչորեն պետական բյուջե արվող մուծումները դրական ազդեցություն են թողել բացառապես իշխանավորների, պետական աշխատողների (պետական համակարգն իշխանությունների կարևորագուն քաղաքական կապիտալն է), պատգամավորների ու ասենք Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների վրա: Հետևաբար՝ «եթե ցանկանում ես ունենալ պետություն, ապա մուծիր հարկերը» թեզը առնվազը Հայաստանի դեպքում չի գործում՝ շատ լավ աշխատելով ասենք Արևմտյան զարգացած երկրների պարագայում:
Հեղափոխության օրերին այն իրականացնողները մեզ խոստանում էին կարճ ժամանակահատվածում Հայաստանն առնվազը մոտեցնել զարգացած երկրների չափանիշներին, բայց ստացվեց լրիվ հակառակը. Հայաստանում անկում ապրեց ժողովրդավարությունը, հայրենիք կորցրեցինք, հիմա էլ կանգնած ենք ցեղասպանվելու վտանգի առաջ: Ուստի՝ հետևություն՝ էականը ոչ թե հավաքագրվող գումարների չափն է, այլ դրանք ծախսելու մեթոդները, ինչպես նաև այն, թե ինչի վրա են ծախսվում ժողովրդի միլիարդները:
Այս նյութը դիտել են - 604 անգամ