«Կարևորը, որ այդ համբույրը Հուդայի համբույր չլինի: Մի ողջագուրումն է մնացել, դա էլ է օպոզիցիան արգելում»:
2016-02-23 04:26:00

Արամ Մանուկյանն ընդդեմ նորահայ «ինտելիգենտության»

Կարծես աշխարհի բոլոր հոգսերը հոգացել էին, բոլոր երգերը երգված էին, այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը որոշել էր դիտողություն անել տղամարդ պատգամավորներին՝ համբուրվելու համար: «Հարգելի պատգամավորներ, շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ իրար համբուրում են ամեն օր: Փորձեք այդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում համարյա արգելել եմ տղաներին ամեն օր համբուրվել: Նույն բանն ուսանողներն են անում ինստիտուտներում: Տգեղ է, դուք այստեղ այդ մշակույթը տարածում եք: Մի՛ արեք տենց բան»,- ասել է Մանուկյանը:

 

Վարվեցողության կանոնների չգրված դասագրքի հեղինակ Մանուկյանը, փաստորեն, կուսակցական կարգապահության և նկարագրի ձևավորումը պատկերացնում է այնքանով, որ արգելում է իրեն դուր չեկած երևույթները: Իսկ հիմա էլ նա որոշել է դա արտահանել և կարգադրիչի իրավունքներ ձեռք բերել Ազգային ժողովի շրջանակներում:


Կասկածից վեր է, որ Արամ Մանուկյանն էլ անում է բազմաթիվ բաներ, որոնք ուրիշներին են տհաճություն պատճառում: Սակայն որևէ խելացի մարդ դա չի դարձնի խորհրդարանի ամբիոնից հնչեցնելու թեմա: Այս տեսանկյունից հաստատ կարելի է մի նկատողություն էլ նրան անել առ այն, որ բարեկիրթ մարդն ուրիշների թերությունների մասին ոչ թե ճչում է երկրով մեկ, այլ ամենաքիչը կարող էր առանձին մոտենալ և այդ մասին հայտնել:


Բայց քանի որ վարվեցողության մասին մեծ-մեծ խոսողները սովորաբար հենց իրենք են զրկված լինում այդ առավելությունից, ապա միշտ էլ կգտնվի մեկը, ով նրանց երեսին կշպրտի «Իսկ քո՞ ինչ գործն է» հարցադրումը և կամ էլ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի նման կարձագանքի՝ ասելով. «Կարևորը, որ այդ համբույրը Հուդայի համբույր չլինի: Մի ողջագուրումն է մնացել, դա էլ է օպոզիցիան արգելում»:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1643 անգամ