Ֆորսմաժորային Հայաստան2024-02-06 03:00:00
«Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած մահաբեր պայթյունին և դրա հետևանքներին՝ քաղաքապետ Ավինյանը հույս է հայտնել, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Պայթյունի դեպքի առթիվ ՔԿ-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ. վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:
Իհարկե, տվյալ դեպքում քաղաքապետարանին ուղղված հարցերը չեն կարող շատ լինել, քանի որ պայթյունը տեղի է ունեցել հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու ուղիղ մեղքով. նա պայթեցրել էր իր տունը՝ չմտածելով հարևան տների համար դրանից բխող հետևանքների մասին:
Հարցեր տվյալ դեպքում առաջանում են թերևս ՔԿ-ի մասով: Չկա վստահություն, որ այս դեպքն էլ ասենք հայաստանյան զորմասերից մեկում տեղի ունեցած ողբերգական աղետի նմանությամբ չի կարող է դառնալ բազմաթիվ հարցականներով մի գործ: Առհասարակ Հայաստանում գործերի հետաքննության հարցում վաղուց ամեն բան չէ, որ նորմալ է, և այս իմաստով հեղափոխությունից ի վեր վիճակը նույնիսկ վատացել է:
Մյուս կողմից՝ որքանո՞վ են այդ հետաքննությունները, որոնք աչքի չեն ընկնում հնչող հարցերին պատասխաններ տալու իրենց հատկությամբ, օգնում հետագայում խուսափել ողբերգությունների կրկնությունից: Չէ՞ որ իրավապահ համակարգի գլխավոր նպատակներից մեկն էլ ապագայում ողբերգությունների բացառումն է, այլ ոչ թե պարզ արձանագրումներ անելն ու կոնկրետ գործի շրջանակներում մեղավորներին հայտնաբերելն ու «փակելը»:
Հայաստանը վաղուց ապրում է ֆորսմաժորային պայմաններում. սպանություները, պայթյունները, նարկոշրջանառության ահռելի ծավալները, կրիմինալի մակարդակի աճը և այլ անհանդուրժելի երևույթներ բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, որ ոչ միայն քայքայվող հանրային բարքերի նշան է, այլև՝ համապատասխան պետական օղակների անգործության:
Այս նյութը դիտել են - 713 անգամ