Ի՞նչ է կյանքը՝ առանց սիրո, ի՞նչ է սերը՝ առանց Անահիտ Սահակյանի հոգեթով երգի…
2024-02-07 21:13:00
Ժամանակակից աշխարհում, երբ իրար են խառնվում ոչ միայն արժեհամակարգերն ու սահմանները, այլև ձուլվում են ժողովուրդների ստեղծած մշակույթները՝ հաճախ կորցնելով միայն իրենց բնորոշ գույները, հայկական մշակույթի անաղարտության պահպանման հարցն օրեցօր ավելի հրատապ է դառնում:
Մշակույթի ամենակարևոր ճյուղերից մեկը, ինչպես հայտնի է, երգարվեստն է, որի անաղարտությունը պահպանելու հարցում անգնահատելի է այն անհատ կատարողների, մշակութային գործիչների ներդրումը, առանց որոնց հատկապես օտար ափերում հայի տեսակի պահպանման հարցը կդառնար անլուծելի:
Թերևս անգնահատելի է հատկապես սփյուռքյան միջավայրում գործունեություն ծավալող բազմաշնորհ անհատների արվեստը: Այս իմաստով սիրված ու փառաբանված երգչուհի Անահիտ Սահակյանի գործունեությունն ինքնին անուրանալի ներդրում է դարձել հայկական մշակույթի, երգարվեստի անաղարտության պահպանման ու ճիշտ մատուցման կարևորագույն գործում, և թերևս դժվար է պատկերացնել, թե ինչպիսի դեմք կունենար այսօր հայկական երգարվեստը Լոս Անջելեսում, եթե սիրված երգչուհին դեռ երիտասարդ տարիքում չընտրեր այն կյանքի ուղին, որի շնորհիվ ցայսօր փառաբանվում է հայկական մշակույթն օտար միջավայրում: Հենց այս բացառիկ հետագծի համար էր, որ սիրված երգչուհին տարիներ առաջ արժանացավ այնպիսի պարգևների, ինչպիսիսք են բացառիկներին շնորհված «Գյումրվա վարպետ» ոսկե կրծքանշանն ու մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար երկրի նախագահի կողմից շնորհվող Մովսես Խորենացու մեդալը:
Ընդ որում՝ Անահիտ Սահակյանը ոչ միայն փայլուն մշակութային գործիչ է՝ միայն իրեն հատուկ հմայքով, այլև հրաշալի մարդ է, ինչի մասին կվկայեն բոլոր նրանք, ովքեր երբևիցե շփում են ունեցել սիրված երգչուհու հետ: Վատի մեջ լավը փնտրող ու ներող, մարդկանց միաբանող ու միավորող է Անահիտ Սահակյանի մարդ տեսակը, մարդկանց միջև կամուրջներ գցող ու մեկտեղող: Այսօր էլ հանդիսանալով ամերիկահայ համայնքի ամենասիրված ու ճանաչված դեմքերից մեկը՝ նա իր արվեստը ծառայեցնում է որպես շաղկապող կամուրջ, որ միաբանում է տեղի հայերին:
Ահա թերևս հենց այս առաքելությամբ է, որ Անահիտ Սահակյանը կրկին բարձանում է բեմ. փետրվարի 25-ին՝ ժամը 18:00-ին, «Glendale High School»-ում կկայանա «ԿՅԱՆՔ ԵՎ ՍԵՐ» խորագրով հոբելյանական համերգը, որ, անկասկած, խոստանում է անմոռանալի լինել՝ պարգևելով հանդիսատեսին անմոռանալի լիցքեր:Այնպես որ՝ իսկապես չարժե բաց թողնել այս կարևոր մշակութային միջոցառումը, եթե ցանկանում եք նորովի բացահայտել հայկական ազգային մեղեդիների հմայքն ու զգալ հայրենիքի շունչը՝ օվկիանոսից անդին. ի՞նչ է կյանքը՝ առանց սիրո,ի ՞նչ է սերը՝ առանց Անահիտ Սահակյանի հոգեթով երգի…
Փետրվարի 8-ին սիրված երգչուհու ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ «USArmenianews.com» լրատվական-վերլուծական կայքը սրտանց շնորհավորում է սիրված երգչուհուն՝ մաղթելով նորանոր բարձունքներ ու ձեռքբերումներ:
Առանց հայ երգի նման արվեստագետների դժվար է հայկական երգարվեստի գոյությունը պատկերացնել, քանզի հենց նրանց տաղանդի շնորհիվ է, որ հայկական մշակույթը շարունակում  է մարտահրավերներով լի մեր ժամանակներում անգամ լիաթոք շնչել:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 1596 անգամ