Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին քաղաքական առումով անդամալույծ դարձրեց ու բաց թողեց2024-02-13 03:55:00
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ Ալեն Սիմոնյանի հարսիկի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, տեղեկություն ստացվեց նաև այն մասին, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի ղեկավարած «Freenews TV»-ի նկատմամբ վարույթը։ «Վարույթը դադարեցվել է, քանի որ ընկերությունը ամբողջությամբ մարել է պարտքը»,- «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՌՀ մամուլի ծառայությունից։ Հեռուստաալիքի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել այն դեպքում, երբ հայտնի էր դարձել, որ հեռուստաընկերությունը 23,3 մլն դրամի պարտք է կուտակել, ինչի պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից։
Ակնհայտ է, որ այս երկու իրադարձությունները միմյանց հետ փոխկապակցված են և վկայում են այն մասին, որ վերևներում Ալեն Սիմոնյանի հանդեպ վերաբերմունք է փոխվել: Ըստ երևույթին, նրան որոշել են ևս մեկ շանս տալ, չկտրել հացից ու ջրից:
Հարց է առաջանում, թե արդյոք ի՞նչ էր արել Ալեն Սիմոնյանը, որը ստիպել էր Փաշինյանին կասկածել նրան ու նրա ու նրա հարազատների դեմ գործողություններ ձեռնարկել՝ այսքան աղմկահարույց, այսքան սկանդալային:
Ճի՞շտ էին այն տեղեկություները, որոնց համաձայն՝ Սիմոնյանը Փաշինյանի դեմ հյուսված դավադարության մաս էր կազմել, եթե այո, ապա արդյոք դա այդքան թեթև հանցա՞նք էր, որ շատ չանցած որոշում ընդունվեց ներել Ալենին՝ մի կողմից՝ տուն ուղարկելով հարսիկին, մյուս կողմից՝ կնոջը պատկանող հեռուստաալիքը չփակելով: Հավատացեք, որ եթե իսկապես իշխանությունները ցանկանային փակել «Freenews»-ը, ապա դա կանեին՝ անկախ ամեն ինչից:
Թքելու յուրահատուկ կարողությամբ հայտնի դարձած Ալեն Սիմոնյանի բախտն այս անգամ էլ բերեց, բայց պետք է նկատել, որ նրա քաղաքական դիրքերին այնպիսի հուժկու հարված է հասցվել, որ դժվար թե տեսանելի ապագայում հնարավոր լինի վնասը փոխհատուցել: Նիկոլ Փաշինյանին հենց նման Ալեն Սիմոնյան է հարկավոր՝ ամբողջությամբ կախված իրենից, վարկաբեկված ու քաղաքական իմաստով անդամալույծ դարձած: Նիկոլ Փաշինյանին հենց նման թիմակիցներ են պետք առհասարակ, այլ ոչ թե հեղինակություն ունեցող ու հանրության կողմից գոնե ինչ-որ չափով ընկալելի դեմքեր:
Այս նյութը դիտել են - 533 անգամ