Վահան Քերոբյանը կմաքրի՞ Ալեն Սիմոնյանի վարկաբեկված համբավը
2024-02-17 00:28:00
Էկոնոմիկայի նախարարության շուրջ բարձրացած կոռուպցիոն սկանդալը բավական հետաքրքիր, գուցե նաև անկանխատեսելի ընթացք ձեռք բերեց: Մասնավորապես՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ալեն Սիոնյանի եղբոր կինն ազատ է արձակվել, տեղեկություն ստացվեց այն մասին, որ սլաքներն ուղղվել են Վահան Քերոբյանի կողմը: Եվ ահա արդեն հայտնի է, որ դատարանը որոշել է նրան դատապարտել տնային կալանքի՝ 2 ամիս ժամկետով:
Ինքը՝ Քերբոյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կբողոքարկեն այս որոշումը, քանի որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Հիշեցնենք, որ Քերոբյանը Էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ էր ներգրավվել, հարցաքննվել «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։
Հիմական հարցը, որ առաջանում է այս պատմության, օբյեկտիվության խնդիրն է: Բանն այն է, որ Հայաստանում վաղուց դատաիրավական համակարգը բնավ վստահություն չի ներշնչում, և հատկապես հանրային դեմքերի շուրջ տեղի ունեցող համապատասխան պրոցեսները երբեք էլ իրենց անաչառությամբ աչքի չեն ընկնում: Քերոբյանը շարքային մեկը չէ. նա Էկոնոմիկայի նախարարն է և միայն օրերս էր հայտնել իր հեռանալու մասին՝ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնելով:
Ալեն Սիմոնյանի գործոնը կապ ունի՞ Քերոբյանի հետ այս օրերին տեղի ունեցողի հետ: Կա տեսակետ, օրինակ,որ Քերոբյանի հետ տեղի ունեցողի պատճառը հանրության մոտ մի կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարողի տպավորություն թողնելու իշխանությունների ցանկությունն է, մյուս կողմից՝ նույն այդ հանրության ուշադությունը Սիմոնյանի հարսից շեղելու ձգտումը:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ «Սիներջիի» գործը բավական մութ է մնում դեռևս ու հազիվ թե տեսանելի ապագայում հնարավոր լինի արժեքորեն լույս սփռել դրա վրա՝ հատկապես նկատի ունենալով հանրային-քաղաքական մեծ ռեզոնանսը՝ դրա շուրջ:
Այս նյութը դիտել են - 649 անգամ