Հայրենասերի «ֆեյքը»2024-02-18 15:21:00
Ըստ երևույթին, ազդվելով մամուլում իր հասցեին հնչած քննադատություներից՝ Սասուն Միքայելյանն է որոշել խոսել ու «Civilnet»-ին մուննաթախառն տոնով մի կարճ հարցազրույց տվել՝ փորձելով հանրությանն իբր հանգստացնել:
Սասունը, մասնավորապես, կոչ է արել խուճապից դուրս գալ ու դեզինվորմացիա չտարածել: Դրանք, ըստ նրա, ոչ մի լավ բան չեն խոստանում: «Թողեք՝ մեր սահմանները պահենք»,- հայտարարել է «զանգ կախող» ու «ի սկզբանե իր գործն անող» Սասունը՝ զգուշանալով «սուտ հայրենասերներից»: Միաժամանակ նա մեղադրել է ինչ-որ մարդկանց ժողովրդի մեջ խուճապ տարածելու համար այն դեպքում, երբ, ըստ նրա, մարդիկ իրենց կյանքով հանգիստ ապրում են ու անհանգստանալու պատճառ առանձնապես չկա:
Ինչպես հայտնի է, սադրանքի հետևանքով արձանագրված զոհերը երկրապահներ են, իսկ այն, որ Սասուն Միքայելյանը շտապել է դիրքեր, ոչ թե նրա կողմից «զանգ կախելու» արդյունք է, այլ՝ «կատվի» չար խաղի, որին զոհ են գնացել իսկական հայրենասերներ: Սասունը նրանց ճիկույթն իսկի չարժի, ուղղակի ճակատագրի բերմամբ նրանց գլխին վերակացու է կարգվել:
Սասունի հարցազրույցը չէր լինի, եթե իշխանությունների հասցեին հիմնավոր քննադատություններ հնչած չլինեին այս ընթացքում: Սասունը փորձել է դոշ տալ ՔՊ-ի համար՝ հավատացնելով, թե իբր ամեն ինչ իրենց վերահսկողութան տակ է, անհանգստանալու պատճառ էլ բնավ չկա: Մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է. թե՛ Սասունը, թե՛ նրա շեֆությունը ոչինչ էլ չեն կարողանում կարգին վերահսկել,ավելին՝ հրաման կա՝ թուրքի կրակին չպատասխանելու ու այդպիսով «խաղաղության օրակարգի» վրա «քար չգցելու»:
Եթե կա Հայաստանում սուտ հայրենասեր, ապա դա հենց Սասուն Միքայելյանն է, որ հայրենասիրությունն իր համար բրենդ է դարձրել՝ դրա տակ որդուն պատսպարելով, հարստանալով: Իսկական հայրենասերներն այսօր կա՛մ զոհված են, կա՛մ՝ անդամալույծ, կա՛մ էլ դիրքերում կանգնած են՝ նախընտրելով առանձնապես չգովազդվել:
Այս նյութը դիտել են - 783 անգամ