Եթե պիտի Արցախը հանձնվեր, որ Հայաստանը փրկեին, ապա այստեղ փրկություն չեմ տեսնում
2024-02-22 01:43:00
Ասում եմ` չգրեմ, բայց ջայլամի կեցվածք ընդունելն էլ ինձ համար չէ, երբ այս պարադոքսալ իրավիճակը գալիս է իշխանություններից, սերմ գցում հանրության մեջ, նրանց կուրացնում, որ չտեսնելու տան մեր շուրջը տիրող իրականությունը։
Այն սպորտային ձեռքբերումները, որ մերոնք հաղթում են թշնամի հակառակորդին, շատ ուրախալի է, նրանց հետ իշխանական ներկայացուցիչների նկարվելն ամենևին ինձ չի համոզում, որ մենք հաղթող ենք, երբ այդ նույն իշխանությունների վարած տկար դիվանագիտության արդյունքում տանուլ ենք տվել` պարտության խարանը թողնելով մեր ճակատին։
Եթե պիտի Արցախը հանձնվեր, որ Հայաստանը փրկեին, ապա այստեղ փրկություն չեմ տեսնում, երբ այս պարադոքսալ իրավիճակում Արցախից հետո մայր երկրի կործանումն է նկատելի, երբ պիտի այն կտոր-կտոր հանձնվի։
Երբ ասում են` հրաժարվե՛ք կամ հեռացե՛ք, որ երկիրը փրկվի, ու նրանք ավելի կառչած են մնում իրենց աթոռներին, այդ պարադոքսալ իրավիճակն ինձ հասկացնում է, որ նրանց չի էլ հետաքրքրում մի երկրի կորուստ, որ հայրենիք է կոչվում։
Այն «տիկիններից տիկինոջ» ժպիտում անգամ երբեմն աղետների գույժ եմ նկատում, սա էլ պարադոքս է, այն էլ` զգուշացնող, որը մեզ չի համոզում, թե նա մտահոգ է երկրի ճակատագրով։
Արտաշես Ա Բարի թագավորը դարեր առաջ չցանկացավ, որ իր որդին` չարի մարմնացում Արտավազդը, թագավոր դառնա, ու փակեցին նրան քարանձավում։ Սա էլ պարադոքս է, երբ հայրն իր անեծքով որդուն արդարացիորեն պատժեց։
Հիմա մենք հասկացնում ենք նրանց, որ ժամանակին հեռանան, որպեսզի հետո չհայտնվեն «քարանձավում», բայց մեզ լսող չկա, պարզվում է` իշխանությունն ավելի հզոր գործիք է, քան այն ազատությունը, որ ցանկանում ենք պարգևել նրանց։
Պարադոքսալ իրավիճակը բազմաշերտ է, բազմագույն, ու մենք տանուլ ենք տալիս ամեն օր, ամեն ժամ, երբ վերևներն են վճռում մեր ճակատագիրը։ Երբ մեր վաղվա օրը չենք տեսնում, վտանգված է մեր կյանքը, անգամ վտանգված է երկրի մայր քաղաքը։
Ես կարծել էի` Երևանը շատ մեծ է, ոչ բոլորին հասանելի, բայց վերջերս հասկացա, որ Երևանն էլ շատ փոքր է, թշնամուն շատ մոտիկ։ Սա էլ պարադոքս է...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 650 անգամ