Փետրվարի 23-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի ելույթը.
Մեր քաղաքական դաշտում տեղի են ունենում նոր զարգացումներ: Կառավարության կողմից իրականացվող քայլերն արդյունք չեն տալիս երկրում առկա տնտեսական, սոցիալական լարվածությունը մեղմելու ուղղությամբ: Սակայն չկա որևէ երաշխիք, որ այս փոփոխությունները միտված կլինեն ծառայելու հանրության շահերին:
Ցանկանում եմ անդրադառնալ առաջիկայում նախատեսվող օրենդրական մի քանի փոփոխությունների, որոնք արդեն իսկ հասարակության խիստ դժգոհությանն են արժանացել: Մասնավորապես, «Դեղերի մասին» նոր օրենքով ոլորտում կստեղծվի մենաշնորհի լիակատար հաստատում:
Նախագծի հեղինակները որքան էլ հավաստիացնեն, որ օրենքի նպատակը բնակչությանը անվտանգ և մատչելի դեղերով ապահովելն է, միևնույնն է մեր ժողովուրդն արդեն քաջ ծանոթ է մենաշնորհի հետևանքներին: Բնականաբար նախագծի ընդունման դեպքում Հայաստանում ոլորտի անվտանգությունը չի բարձրանա, իսկ դեղերի գները զգալիորեն կթանկանան: Այսօր էլ Ռուսաստանի, Վրաստանի համեմատ մեր երկրում դեղերը երկու-երեք անգամ թանկ են:
Հաջորդ օրենքի նախագիծը վերաբերում է հասարակական կազմակերություններին, որը նպատակ է հետապնդում վերջիններիս ընձեռել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Սրանով արմատապես խեղաթյուրվելու է ձևավորված համակարգը: Քանզի ՀԿ-ները չեն ստեղծում ֆինանսներ այլ ստեղծում են արժեքներ: Առաջարկվող փոփոխությամբ արգելակվելու է հանրային սեկտորի մասնակցությունը քաղաքացիական գործընթացներին:
Ինչպես գիտենք ՀԿ-ները բացառիկ նշանակություն ունեն պետության և հասարակության միջև երկխոսության դաշտի ձևավորման հարցում: Անգնահատելի է նրանց դերը հասարակական պահանջներին համահունչ խնդիրների ձևակերպման, ինչպես նաև ռազմահայրենասիրական, հայեցի դաստիարակության, ազգային ավանդույթների ու մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում:
Օրեր առաջ արտահերթ ռեժիմով քննարկվեց և ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագիծը, որն ուներ բացարձակ քաղաքական շարժառիթ: Սովորաբար, բազմաթիվ երկրներում իրականացվող նմանատիպ փոփոխությունները կրում են հայեցակարգային բնույթ, այսինքն բխում են կառավարության ծրագրի իրականացման դրույթներից:
Բնակչության շահերին հակասող օրենքների շարքը կարելի է անվերջ թվարկել: Այսօր Հայաստանում համակարգային փոփոխություներ իրականացնելու իսկապես անհրաժեշտություն կա: Մեր քաղաքական թիմը մշտապես կողմնակից է եղել բարեփոխումներին:
Երկիրն այս սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք և նախաձեռնողականություն, իրականացնել իրատեսական քայլեր, որոնք կնպաստեն մեր երկրի բարեկեցությանը և կայուն զարգացման ապահովմանը:
replik.amԱյս նյութը դիտել են - 1684 անգամ