Անդրանիկ Քոչարյանը չի կարողացել զսպել իր ատելությունը. ինչո՞ւ են թիրախավորվում ԶԼՄ-ները2024-03-01 00:55:00
ԱԺ-ում կարևորագույն պաշտոններից մեկը զբաղեցնող Անդրանիկ Քոչարյանը կրկին աչքի է ընկել ընդդիմադիր ԶԼՄ-ների հանդեպ իր ագրեսիվ պահվածքով: Մասնավորապես՝ Ազգային ժողովում Հայաստան թշնամու զինվորների ներթափանցման վերաբերյալ տեղեկությունները ճշտել փորձող լրագորղների հետ Անդրանիկ Քոչարյանը խոսել է չափազանց ագրեսիվ տոնով՝ թիրախավորելով ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկի սեփականատիրոջը, որի անունը, սակայն, հրաժարվել է նշել: «Ավելի լավ է՝ ճշտեք՝ ձեր սեփականատերը վերադառնո՞ւմ է, թե՞ չէ»,-բղավել է նա լրագրողի վրա՝ ի ցույց դնելով ազատ խոսքի ու 4-րդ իշխանության հանդեպ իր գերբացասական վերաբերմունքը:
Անդրանիկ Քոչարյանը, իհարկե, առաջին անգամ չէ, որ վատ է արտահայտվում կամ կոշտ վերաբերմունք է ցույց տալիս լրագրողների հանդեպ: Այս իշխանավորը բազմաթիվ անգամ անվանարկել ու վարկաբեկել է հատկապես այն լրատվականներին ու լրագրողներին, որոնք չեն հարում իշխանության քաղաքական գծին՝ նրանց հաճախ անվանելով «մունդռիկներ»:
Անդրանիկ Քոչարյանի այս վարքագիծն ու վերաբերմունքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն իրական վերաբերմունքը, որ ունեն իշխանությունները Հայաստանում գործող ընդդիմադիր լրատվամիջոցների հանդեպ, ինչը թերևս բացատրելի է:Հենց այդ ԶԼՄ-ներն են, որ շնորհիվ իրենց աշխատանքի, օգնում են հանրությանն իշխանություններից չխաբվել, չտրվել իշխանական պրոպագանդային ու ճիշտը սխալից տարբերել:
Կոնկրետ Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինվորների մասով ստացվող տեղեկատվությունը բավական հակասական է: Չնայած նույն Քոչարյանը հայտարարել էր, որ սահմանն անցել է մի զինվոր, սակայն հետո տեղեկություններ ստացվեցին, որ իրականում երկուսն են եղել: Ըստ երևույթին, հենց այս հանգամանքն էլ կատաղեցրել է ՔՊ-ականին՝ ստիպելով թիրախավորել իրենց գործն անող լրագրողերին:
Հայաստանում իսկապես ինֆորմացիոն հիգիենայի խնդիր կա, իսկ ամենացավալին այն է, որ հակահիգիենիկ վարք տվյալ դեպքում ցուցաբերում է հենց իշխանությունը՝ իրեն հարող ԶԼՄ-ների միջոցով ապակողմնորոշելով հայ հանրությանը՝ հույսով՝ նման կերպ լուծելու քաղաքական խնդիրներ, նման կերպ կասեցնելու ՔՊ-ի վարկանիշի անկումը:
Այս նյութը դիտել են - 654 անգամ