Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աթոռը լքելուց հաշված օրեր առաջ շտապում է հնարավորինս շատ նկատողություններ և վարչական տույժեր կիրառել նրանց նկատմամբ, որոնց հանդեպ վրեժխնդրության զգացումներով է լցված, ու նաև նախապատրաստվում է իր հետագա կյանքին: Ահա այդ հետագայի մասին էլ Աշոտյանն այսօր իր ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է կատարել: Հեռացող նախարարը գրել է.
«10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո.
1. Երեխեքին արտահերթ տանել սրճարան
2. Ակումբներից մեկում մասնակցել փարթիի, վաղուց չեմ պարել
3. Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել
4. Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին, թող մի քիչ կարոտեն
5. Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության
6. Ընկերներով գնալ գարեջուր խմելու, և ոչ միայն
7. Վերջապես սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել
8. Կարդալ բոլոր այն գրքերը, որոնց մեջ էր մնացել աչքս այս տարիների ընթացքում
9. Վայելել մշակութային կյանքը՝ ցուցահանդեսներ, համերգներ, երեկոներ
10. Վերջապես պատասխանել Մերսում Դինուլի ֆեյսբուքյան նամակներին»:
Այս ընդարձակ ցանկի ամբողջական մեջբերումը մի նպատակ ունի՝ ցույց տալ, որ Արմեն Աշոտյանի բոլոր ցանկություններն ու ծրագրերը կրում են խիստ անձնական բնույթ: Մարդն այլևս նախարար ու պաշտոնյա չէ, այդ դեպքում ինչպե՞ս կարող են նրա համար կարևոր լինել պետություն, երկիր, հասարակություն:
Թո՛ղ գրողի ծոցը կորչեն դրանք: Ինքն է, իր տունը, իր մասնավոր կյանքը, իր վայելքները: Այ, եթե նորից մի չաղլիկ պաշտոն վստահեն, այն ժամանակ Աշոտյանը գուցե կրկին դառնա սրտացավ ու ակտիվ: Իսկ հիմա նա կլինի մորթապաշտ ու պատեհապաշտ: Այսինքն՝ անկեղծորեն կվերադառնա սեփական էությանը:
Այս նյութը դիտել են - 1740 անգամ