Մարգարիտա Խլղաթյանի ամենամեծ առավելությունը նախևառաջ նրա մարդկային տեսակն է 2024-03-09 12:01:00
Սեփական երկրից հեռու ապրող մարդու երկու հիմնական տեսակ կա. մարդ կա, որ մեկնելով հայրենիքից հեռու՝ փորձում է հնարավորինս արագ մոռացության մատնել իր արմատները՝ հապճեպորեն ինտեգրվելու օտար հասարակությանը՝ այդ ճանապարհին չվարանելով անգամ «մաշկի գույն փոխել», մարդ էլ կա՝ անկախ ամեն ինչից շարունակում է մնալ հավատարիմ իր արմատներին, սրտով լինել հայրենիքում, կիսել հայրենիքի ցավը ցանկացած դեպքում՝ անձնապես չերջանկանալով այնքան ժամանակ, քանի դեռ իր ազգակիցները սեփական երկրում գոյութենական վտանգի տակ են գտնվում:
Այս վերջին հատկանիշը բնորոշ է հատկապես Սփյուռքում մշակութային գործունեություն ծավալող այն հայ արվեստի գործիչներին, որոնք իրենց կյանքի առաքելությունն են համարում սեփական հոգում ու շրջապատում հայկականության պահպանումը, ազգային արժեքների քարոզն ու ծառայությունը՝ սեփական ժողովրդին՝ անկախ նրանից, թե երկրագնդի որ կիսագնդում են ապրում: Սիրված ու բազմատաղանդ երգչուհի, երգահան Մարգարիտա Խլղաթյանն այս առումով հայի այդ տեսակի հավաքական կերպար կարող է համարվել. Լուսնի վրա էլ ապրի, մեկ է՝ իր միակ հարազատ վայրը Հայաստանն է մնում, սրտում՝ Գյումրին առհավետ: Երկար տարիներ առաջ էր, երբ Մարգարիտա Խլղաթյանը, ով երեք զավակների մայր է, իսկ այսօր արդեն սիրելի տատիկ , ընտանիքի հետ միասին Հայաստանից տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ նահանգներ, որտեղ պետք է կերտեր հաջողության սեփական պատմությունն ու ցույց տար, թե ինչպես է պետք նույնիսկ օտարության մեջ բարձունքներ նվաճել, ձեռքբերումներն էլ կիսել կարիքավորների ու բոլոր նրանց հետ,ովքեր օգնության կարիք են երբևիցե զգացել. Տիկին Խլղաթյանը հայտնի է նաև իր բազմաթիվ բարեգործություններով, որոնք շարունակվում են ցայսօր էլ:
Այսօր տիկին Խլղաթյանը կայացած անհատ է՝ մի շարք բնագավառներում իր խոսքն ասող՝ արվեստից՝ դեղագործություն: Նա նաև ակտիվ է հասարակական կյանքում՝ իրերը իրենց անուններով կոչելով, հայ ժողովրդին հուզող կենսական հարցերը բարձրաձայնելով, հանուն ճշմարտության պայքարելով: Բարձունքների նվաճման ճանապարհին սիրված արվեստաագետին մշտապես թևութիկունք է եղել սիրելի ամուսինը՝ պարոն Սպարտակը՝ ապացուցելով այն հայտնի ասույթի ճշմարտացիությունը, որ ցանկացած հաջողակ մարդու հետևում կագնած է լինում իր «կեսը»: Հիրավի բացառիկ է Մարգարիտա Խլղաթյանի ինքնատիպ արվեստը, որ ծնունդն է նրա մեծ տաղանդի:
Բավ է միայն մատնանշել «Ջութակահարը» ստեղծագործությունը («Youtube»-ում հավաքել է ավելի քան 13 միլիոն դիտում)՝ պատկերացում կազմելու այն գեղեցկության ու խորության մասին, որ բնորոշ է նրա արվեստին:
Մարգարիտա Խլղաթյանի ամենամեծ առավելությունը նախևառաջ նրա մարդկային տեսակն է. նվաճելով մեծ բարձունքներ՝ նա չի կորցրել մարդկային այն որակները, որոնց շնորհիվ ոչ միայն մարդն է մարդ մնում, այլև հայը՝ հայ՝ մի բան, որ մեր օրերում, ցավոք, բավական հազվադեպ հանդիպող երևույթ է դարձել: Նրա հոգու ներդաշնակությունն արտահայտվում է նաև բեմական ինքնատիպ կերպարում՝ որը ոչ մեկի ու ոչնչի հետ չես կարող շփոթել, և որը հանդիսատեսին լրացուցիչ էներգիա է հաղորդում՝ օգնելով է՛լ ավելի ազդվել: Հայաստանի ու Արցախի հետ կատարված ողբերգությունը մեծ հարված է դարձել սիրված արվեստագետի համար այն աստիճան, որ նա նունիսկ ստիպված եղավ վերանայել ունեցած պլանները: 2008-ից ԱՄՆ-ում ստեղծագործական գործունեությամբ զբաղվող սիրված արվեստագետի համար սա, կարելի է ասել, աննախադեպ էր: Բայց Հայաստանի հանդիսատեսն անհամբեր սպասում է իր սիրելի երգչուհու ու երգահանի նոր բեմելին, և թող «Օրոր քաջ որդուս»-ն ու «Իմ սուրբ Յոթ վերք»-ը դառնան յուրատեսակ դեբյուտ՝ նոր էջ բացելու սիրված արվեստագետի ստեղծագործական կյանքում՝ ցրելու այն ոգու սովը,որ,ցավոք, շատ բնորոշ է մեր օրերին: Լրագրող ՝ Գայանե Մանուկյան