Զարեհ Սինանյանին հունից հանել է Արցախի դրոշը 2024-03-11 13:44:00
Ցյուրիխում հայերի հետ հանդիպումն առանց սկանդալ չի ավարտվել Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի համար, որը տեսնելով հանդիպմանը Արցախի դրոշը բարձրացրած սփյուռքահային, ափերից դուրս է եկել ու հայտարարել, թե հայ ժողովուրդը մերժում է նմաններին, քանի որ հայի այդ տեսակն անցյալին է պատկանում:
Զարեհ Սինանյանը շարունակում է քանդել Սփյուռքը՝ ժամանակ-առ ժամանակ հանդիպումներ անցկացնելով դրսի հայերի հետ: Որպես կանոն նրա հետ հանդիպման եկողների թիվը շատ չի լինում՝ չգերազանցելով մի քանի տասնյակը: Բայց նույնիսկ նման փոքրաթիվ հանդիպումների ժամանակ, Սինանյանը չի վարանում ի ցույց դնել իր պատկանելիությունը՝ ամեն անգամ հակահայկական հայտարարություններով հավատարմության երդում տալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են առհասարակ այս մարդու հետ հանդիպման գնում սփյուռքահայերը, եթե ապրիորի պարզ է, թե ինչ թեզեր է նա առաջ տանելու:
Երևի այնքան անհավատալի է թվում Սինանյանի պահվածքը ոմանց, որ որոշ սփյուռքահայեր նախ ուզում են սեփական աչքով տեսնել՝ հավատալու շրջանառվող ահասարսուռ լուրերի իսկությանը: Տեսնում են ու հիասթափվում, տեսնում են ու փոշմանում, որ իրենց թանկ ժամանակը հատկացրել են մի մարդու, որի համար Արցախն անցյալ է, իսկ հայոց պահանջատիրության հետևից գնացողները՝ նախկիններին հավասար: Միակ ճիշտ վարքագիծը, որ պետք է դրսևորել այս իշխանությունների ու նույն Սինանյանի նկատմամբ, արհամարհանքն է և ուրիշ ոչ մի բան: