Քաղաքապետարանն իր սև գործն արեց. գազելները հե՛տ բերեք
2024-03-12 13:18:00
Երևանի ավագանին ընդունել է հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու վերաբերյալ նախագիծը, որը, դեռ չգործակրված, արդեն իսկ հասցրել է առաջ բերել քաղաքացիների դժգոհությունները, որոնք, սակայն, քաղաքային իշխանությունները նախըտրել են հաշվի չառնել: Ինքը՝ քաղաքապետ Ավինյանը, մեկնաբանելով փաստը, հայտարարել է.«Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա ձեր հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայվում էին նախկինում, և բարձրաձայնվում են այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»:
Ըստ այդմ՝ ի տարբերություն նախորդ նախագծի ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները: Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 հազար դրամ։ Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 հազար դրամ:
Թե ինչն է, որ այդքան արգահատելի է թվացել քաղաքապետարանին ներկայումս գործող կարգում, այդպես էլ ոչ մի իշխանավոր հոդաբաշխ կերպով չի բացատրել: Փորձելով արդարացնել իրենց այս որոշումը՝ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, թե թանկացումները պայմանավորված են իբր քաղաքային տրանսպորտի ոլորտում ձեռնարկված բարեփոխումներով ու «մահվան գազելների» վերացմամբ: Մինչդեռ իրականությունն այն է, որ ավտոբուսների ներկրումը ոչ մի էական բան չի փոխել տրանսպորտի ոլորտում, քանի որ նախ՝ ներկրված ավտոբուսների թվաքանակն է փոքր՝ եղանակ ձևաևվորելու համար, երկրորդ՝ խնդիր կա՝ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու նաև:
Բայց տրանսպորտի գների դե ֆակտո թանկացման փաստը միայն մեկ դրվագն է այն ընդհանուր քաղաքականության, որ վարում է քաղաքապետարանը:
Բանն այն է, որ սրանից առաջ էլ կայանման համար նախատեսված գները թանկացան, երբ կոնկրետ վայրերում մեքենա կայանելը դարձավ բավական խնդրահարույց սովորական քաղաքացիների համար՝ ստիպելով շատերին նույնիսկ մետրոյով երթևեկել, քան մեքենայով գալ քաղաքի կենտրոն ու կայանել: Այն ժամանակ էլ բերեցին ինչ-որ պատճառաբանություններ, ինչ-որ քաղաքների օրինակներ՝ հավատացնելու, թե իրենք թալանչիներ չեն, այլ ընդամենը փորձում են քաղաքակրթվել:
Տրանսպորտի գների ավելի քան 50%-անոց դե ֆակտո թանկացումը հավելյալ բեռ է դառնալու ամեն մի քաղաքացու համար, նույնիսկ այն դեպքում, երբ շատ ընտանիքներ ունեն անձնական ավտոմեքենաներ: Այսպես թե այնպես մեկ մեքենան չի կարող միանգամից մի քանի հոգու սպասարակել օբյեկտիվ պատճառներով:
Ո՞րը կարող էր լինել ելքն այս իրավիճակում, եթե իսկապես օբյեկտիվորեն կար խնդիր՝ գները վերանայելու:
Լուծումը պետության կողմից սուբսիդավորումը կարող էր լինել այնպես, ինչպես բազմաթիվ երկրներում՝ արևմտյան զարգացած երկրներից՝ երրորդ աշխարհի պետություններ: Բայց Հայաստանում այլ տրամաբանություն է գործում, որի հիմքում դրված է քաղաքացիներին օրենքի շրջանակներում կեղեքելու գաղափարը:
Այս նյութը դիտել են - 622 անգամ