Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված2024-03-12 14:29:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու պատճառներին:
Վարչապետը հայտարարել է, որ 2021 թ. նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանն իրեն զեկուցել է, թե սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ նույն այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել:
Վարչապետի այս հայտարարությանն ավելի ուշ արձագանքել է Արշակ Կարապետյանը:
Նա տեսաուղերձով հայտնել է, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ին եղել է Դուբայում, ուր մեկնել էր զենքի գնման և ներկրման հետ կապված կարևոր հանդիպման նպատակով:
Կարապետյանը տեղեկացրել է, որ գտնվելով հեռվում` չէր կարող վարչապետին զեկուցել սահմանային իրավիճակի մասին. դա պետք է աներ Հայաստանում գտնվող և իր` նախարարի գործառույթները կատարող անձը:
Կարապետյանի արձագանքից ժամեր անց սոցցանցում տարածվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի WhatsApp-յան զրույցից մի հատված, ըստ որի` Կարապետյանը Փաշինյանին առողջություն է մաղթում, տեղեկացնում «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա», որին հետևում են Նիկոլ Փաշինյանի տեքստային պատասխանները. «Ո՞ւր եք», «Անպատասխանատու բան ստացվեց»: Հրապարակումից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել 2021 թ. նոյեմբերի 14-ին։
Այս նյութը դիտել են - 2529 անգամ